‘«Յուվենտուսը» չհամաձայնվեց ոչ-ոքիին, ՉՖՌ-ն անիմաստ հաղթեց ՄՅՈՒ-ին, Մեսիի վնասվածքը. ՉԼ-ի վերջին հանդիպումները’

1469

Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտվեց: Վերջին տուրի երկրորդ խաղային օրը տվեց բոլոր հարցերի պատասխանները: Խաղային երկրորդ օրվա հանդիպումները տասնապատիկ հետաքրքիր ստացվեցին, ուղեգրերի համար պայքարն ընթացավ մինչեւ վերջին րոպեն:

E խմբում տեղի ունեցավ օրվա ամենակարեւոր իրադարձությունը. Առաջին անգամ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը չկարողացավ հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը: Լոնդոնի «Չելսին» կարող է իր հաշվին գրանցել այդ «նվաճումը»: Լոնդոնցիները վերջին տուրում արդեն հոգեբանական բեռից ազատված, 6:1 հաշվով հաղթեցին դանիական «Նորշելանդին», ընացքում աղոթելով, որ զուգահեռ խաղում «Շախտյորը» հաղթի «Յուվենտուսին»: Սակայն տուրինյան ակումբը, չնայած բոլոր խոսակցություններին, թե Դոնեցկում հանդիպումը կավարտվի երկուստեք ձեռնտու ոչ-ոքի հաշվով, ցույց տվեց, որ նման խաղեր չի խաղում, եւ նվազագույն հաշվով հաղթեց «Շախտյորին» եւ խմբում գրավեց 1-ին տեղը:

Երկրորդը «Շախտյորն» է, դե իսկ «Չելսին» կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում, եթե իհարկե, Աբրամովիչը նման ցանկություն ունի:

«Շախտյոր» — «Յուվենտուս» 0:1
Ալեքսանդր Կուչեր (ինքնագոլ) 56

«Չելսի» — «Նորդշելանդ» 6:1
Դավիդ Լուիս, 38, Ֆերնանդո Տորրես, 45, 56, Գերի Կեհիլ, 51, Խուան Մատա, 63, Օսկար, 71 — Ջոշուա Ջոն, 46

F խումբը ամենականխատեսելին եւ հանգիստն էր: Այստեղ ամեն ինչ պարզ էր: «Բավարիան» հաղթեց ԲԱՏԵ-ին եւ ապահովեց առաջին տեղը խմբում, իսկ «Լիլը» պարտվեց «Վալենսիային»: ԲԱՏԷ-ն կշարունակի մրցելույթները Եվրոպայի լիգայում:

«Բավարիա» — ԲԱՏԷ՝ 4:1
Մարիո Գոմես, 22, Թոմաս Մյուլեր, 54, Ջերդան Շաքիրի, 65, Դավիդ Ալաբա, 83 — Եգոր Ֆիլիպենկո, 89

«Լիլ» — «Վալենսիա» 0:1
ժոնաս, 36

G խմբում դա տեղի ունեցավ. շոտլանդական «Սելթիկը» իր համառության եւ կամային հատկանիշների շնորհիվ դուրս եկավ փլեյ-օֆ: Դրա համար անհրաժեշտ էր հաղթել «Սպարտակին», ինչը մեծ դժվարությամբ շոտլանդացիները արեցին՝ 2:1: Եվ դրա համար պետք էր, որ «Բենֆիկան» չհաղթի «Բարսելոնայի» չորրորդ կազմին: Ինչը նույնպես եղավ՝ 0:0: Բարսելոնայում տեղի ունեցավ շաբաթվա ամենատխուր իրադարձություններից մեկը՝ Մեսին վնասվածք ստացավ: Շատ ցավալի փաստ, հաշվի առնելով, թե որքան մոտ էր արգենտինացին Գերդ Մյուլերի հավերժ ռեկորդը գերազանցելուն: Բայց հուսանք, որ մինչեւ տարվա վերջ Մեսին կվերադառնա: Վիլանովան եւ մի քանի հեղինակավոր բժիշկներ հուսադրող հայտարարություններ են արել: Մեծ հաշվով, եթե Մեսին նույնիսկ հենակներով խաղադաշտ մտնի, խաղընկերները միեւնույն է, ամեն ինչ կանեն Մեսիի գոլերի թիվը ավելացնելու համար:

Այսպիսով, «Բարսան» ակումբն առաջին տեղով դուրս եկավ խմբից, «Սելթիկը»՝ երկրորդ: «Բենֆիկան» կխաղա Եվրոպայի լիգայում:

«Բարսելոնա» — «Բենֆիկա» 0:0

«Սելթիկ» — «Սպարտակ» 2:1
Գերի Հուպեր, 21, Կրիս Կոմոնս, 81 (11մ.) — Արի 39

H խմբում նույնպես դրամատիկ իրադարձություններ եղան: Ռումինական ՉՖՌ-ն շատ մոտ էր փլեյ-օֆի ուղեգիր նվաճելուն, որի համար պետք էր միավորներով գերազանցել «Գալաթասարային»: Ռումինացիները իրենց գործն արեցին՝ 1:0 հաշվով հաղթելով խմբում առաջին տեղը վաղուց ապահոված «Մանչեսթեր Յունայթեդին»: Զուգահեռ խաղում «Գալաթասարայը» պարտվում էր «Բրագային», նույնիսկ ոչ-ոքին էր ձեռնտու ռումինացիներին, սակայն թուրքական ակումբի կազմում արդեն որերորդ անգամ փրկիչի դեր խաղաց Բուրաք Յըլմազը, որի երկու գոլերը թիմին դուրս բերեցին հաջորդ փուլ:  

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Կլուժ» 0:1
Լուիս Ալբերտո, 56

«Բրագա» — «Գալաթասարայ» 1:2
Մարսի Մոսորո, 32 — Բուրակ Յիլմազ, 58, Այդին Յիյլմազ, 78

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի ուղեգիր նվաճեցին հետեւյալ ակումբները. «Ռեալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Յուվենտուս», «Շախտյոր», «Գալաթասարայ», ՊՍԺ, «Պորտու», «Սելթիկ», «Բորուսիա», «Բավարիա», «Վալենսիա», «Մալագա», «Միլան», «Արսենալ», «Շալկե»:

Նախորդ հոդվածը‘Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների վեց նախագահներն ազատվել են աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնին պատրաստ է նորից առաջադրվել վարչապետի պաշտոնում’