‘«Յուվենտուս»-ը վերադառնում է իր նախկին կարգավիճակին, իսկ «Չելսի»-ն գրեթե լքում է ՉԼ-ն ‘

731

Ձեզ ենք ներկայացնում նախօրեին կայացած Չեմպիոնների լիգայի  «Յուվենտուս»-«Չելսի» խաղի վերլուծությունը՝ օգտվելով նաև zonalmarking.net կայքի՝ հանդիպման տակտիկական լուծումների անդրադարձից:

 

Անտոնիո Կոնտեն առջևի գծում խաղն սկսեց լավ մարզավիճակում գտնվող Ֆաբիո Կվալյարելիայով և հիմնական հարձակվող Մարկո Վուչինիչով, իսկ աջ եզրում Մաուրիսիո Իսլայի փոխարեն նորից կազմ վերադարձավ Շտեֆան Լիխշտայները:

«Չելսի»-ի իտալացի մարզիչն իր հերթին խաղն սկսեց առանց կենտրոնական հարձակվող Ֆերնանդո Տորեսի, նրա փոխարեն դաշտ դուրս բերեց Էդեն Ազարին՝ որպես «կեղծ 9», որպեսզի Յուվեի պաշտպանները կոնկրետ լուծելու խնդիր չունենան՝ ի դեմս ընդգծված կենտրոնական հարձակվողի: Դա նշանակում էր, որ առջևում լինելու են բազմաթիվ տեղաշարժումներ, օրինակ`Օսկարի միացումներն ու Ազպիլիկուետայի՝ աջ կիսապաշտպանի գոտում հայտնվելը, ով պետք է փորձեր «զսպել» Յուվեի ձախ եզրային Ասամայի ակտիվ միացումներն այդ գոտում: Բայց Յուվեն շատ ավելի գերազանց վիճակում էր և հանդիպումը իր տնօրինության տակ վերցրեց հենց սկզբից:

Ազարը՝ առջևի գծում

Բելգիացու՝ խաղադաշտ դուրս գալը Տորեսի փոխարեն բավականին հիմնավորված էր: Իսպանացին այս թիմերի միջև առաջին խաղում ոչնչով չհիշվեց, ոչ իր ֆիզիկական ունակություններով, ոչ ակտիվ տեղաշարժով, այս դեպքում Դի Մատեոն, իհարկե, կարող էր խաղադաշտ դուրս բերել Մոզեսին, ով կարողացավ հաղթանակ պարգևել «Շախտյոր»-ի դեմ խաղի վերջին րոպեին, անկյունայինից խփած գոլով, բայց խնդիրն այն է, որ այս տարվա Յուվեն երկրորդ հարկում նույնիսկ ավելի լավն է, քան բրիտանական թիմերը, և ստանդարտ իրավիճակներում գրեթե չի սխալվում, բացի դրանից էլ դարպասներում կանգնած է մեր օրերի առնվազն երեք լավագույն դարպասապահներից մեկը:

Այպես որ, չնայած խոշոր հաշվով պարտությանը, Ազարի տարբերակը լավագույնն էր, ինչը քիչ էր մնում՝ աշխատեր: Առաջին խաղակեսում թուրինցիների երեք կառուցողական հենակետայինները սպասվածից շատ էին միանում գրոհներին և կենտրոնում ստեղծում էին ազատ գոտիներ: Դրանից լավ էին օգտվում Օսկարն ու Ազարը, և հենց բրազիլացու անցումից հետո «Չելսին» ստեղծեց խաղում իր լավագույն գոլային պահը: Այդ պահն իրականում կարող էր ամբողջովին փոխել խաղի տրամաբանությունը, քանի որ Դի Մատեոյին բավարար էր նույնիսկ ոչ ոքին, իսկ թե ինչպիսի «ավտոբուս» է կարողանում տեղադրել դարպասների առջև իտալացին, կարելի է հարցնել հարձակման գծում Յուվեից ավելի հզոր «Բարսելոնայի» և Մյունխենի «Բավարիայի» խաղացողներից:

Յուվեի հարձակվողների անարդյունավետությունը

Ճիշտ է, Յուվեի առավելույթյունը խաղում կասկածի տակ դնել չի կարելի, բայց թուրինցիները մոտ էին հերթական անգամ տուժելու՝ բարձրակարգ կենտրոնական «9» համարի ֆուտբոլիստ չունենալու պատճառով: Հանդիպումը դիտած ֆուտբոլասերները կարող են փաստել այն, որ խաղն իրոք կարող էր ավարտվել Յուվեի էլ ավելի խոշոր հաշվով հաղթանակով, եթե Կվալյարելիայի կամ Վուչինիչի փոխարեն Յուվեում հանդես գային, օրինակ` Վան Պերսին կամ Կավանին: Ինչևէ, հենց Կվալյարելիան բացեց հանդիպման հաշիվը՝ ճիշտ ժամանակին շեղելով Անդրեա Պիրլոյի հարվածի ուղղությունը, ինչն ապակողմնորոշեց Պետր Չեխին: Իտալացի հարձակվողը, բացի գոլից, հիշվեց Շտեֆան Լիխշտայների հետ տեղի ունեցած բազմաթիվ լեզվակռիվներով, ինչի պատճառը այն էր, որ Յուվեի եզրայինը հաճախ ավելի հարմար դիրքում էր գտնվում, բայց Ֆաբիոն համառորեն միայնակ էր գործում առջևի գծում:

Փոխարինումներ

Դի Մատեոն երկրորդ խաղակեսում փորձեց փրկել խաղը և աջ եզրում, դաշտի կենտրոնական գոտում գործող Ազպիլիկուետայի փոխարեն, խաղադաշտ դուրս բերեց Մոզեսին, որպեսզի ակտիվացնի խաղն առջևի գծում, բայց հենց այս փոխարինումից հետո Յուվեն երկրորդ անգամ գրավեց դարպասը: Առանց իսպանացու այդ գոտում ազատություն ստացած Ասամոան գնդակը փոխանցեց Վիդալին, ով այդպիսի դիրքերից շատ հազվադեպ է վրիպում: Իսկ Կոնտեն կամ որոշ մարդկանց համար՝ Անջելո Ալեսիոն, խաղադաշտ դուրս բերեց Կասերեսին, որպեսզի ավելի ցածր գործի, քան Լիխշտայները, և վերջում՝ Ջիովինկոյին՝ խաղավարտին առջևում ակտիվ և արագ խաղացող ունենալու նպատակով:

Հանդիպման ելքը գրեթե վճռված էր, և Յուվեն վերջում որոշեց մի փոքր հետ նստել և օգտագործեց Ջովինկոյի արագությունը, որպեսզի վերջնականապես ջախջախի Դի Մատեոյի թիմին:

Եզրափակում

Հաղթանակը դժվարությամբ կարելի համարել «տակտիկական»՝ չնայած նրան, որ թե՛ դիրքային առումով, թե՛ փոխարինումներով, Յուվեի մարզիչները հաղթեցին իրենց հայրենակցին: Յուվեն ուղղակի ավելի լավն էր և անցկացրեց մրցաշրջանում իր լավագույն խաղը՝ գրեթե ապահովելով իր ներկայությունը ՉԼ-ի «փլեյ օֆֆ» փուլում: Այս հաղթանակը, կարելի ասել, բացեց այն դուռը, որի շնորհիվ Յուվեն վերջնականապես վերադարձավ եվրոպական ֆուտբոլային էլիտա, և եթե հաշվի առնենք Կոնտեի սպասվող վերադարձը, թուրինցիներին մնում է միայն լուծել հարձակվողի խնդիրը, որպեսզի կարողանան պայքարել ՉԼ-ի իրենց երրորդ գավաթը նվաճելու համար:

Ինչ վերաբերում է լոնդոնցիներին, ապա նրանք շատ մոտ են դառնալու առաջին թիմը, ով ՉԼ-ի հաղթողի կարգավիճակում չի կարողանում հաղթահարել հաջորդ խաղարկության խմբային փուլը: Եվ արդեն այսօր առավոտյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն տարածեց գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոյին պաշտոնանկ անելու մասին:  

 Դավիթ Քիրամիջյան

 

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդոն Gangnam Style է պարում գեղեցկուհիների հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան հրաժարվել է գլխավորել «Չելսին»’