‘
Իտալիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Յուվենթուս»-ը հյուրընկալել էր «Լացիո»-ին: Հանդիպումն ավարտվեց հռոմեական ակումբի կամային հաղթանակով:2015 թվականի օգոստոսից ի վեր սեփական հարկի տակ թուրինցիները առաջին պարտությունը կրեցին:
Հանդիպման հաշիվը բացվեց 23-րդ րոպեին․ դաշտի տերերին առաջ մղեց Դուգլաս Կոստան։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Չիրո Իմոբիլեն վերականգնեց հավասարությունը, իսկ 7 րոպե անց «Յուվենտուսի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Իմոբիլեն։ Ավելացված ժամանակում թուրինցիները պարտությունից խուսափելու հնարավորություն ունեին․ 97-րդ րոպեին գլխավոր մրցավար Պաոլո Սիլվիո Մացոլինին տեսակրկնության օգնությամբ 11-մետրանոց նշանակեց «Լացիոյի» դարպասին, սակայն նշակետին մոտեցած Պաուլո Դիբալան չկարողացավ գրավել Թոմաս Ստրակոշայի պաշտպանած դարպասը։
Այս հաղթանակից հետո «Լացիոն» ունի 19 միավոր և հավասարվել է «Յուվենտուսին»։ Առաջատար «Նապոլին» ունի 21 միավոր և դեռ տուրի շրջանակում իր հանդիպումը չի անցկացրել։
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Յուվենտուս» — «Լացիո»՝ 1։2
Գոլերը՝ Կոստա 23՛ — Իմոբիլե 47՛, 54՛ / 11-մետրանոց
Չիրացրած 11-մետրանոց՝ Դիբալա 90+7՛
‘