‘
Երեկ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով օրերս տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», հարցազրույց է տվել «Ռոսիյսկայա գազետային», որն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։
— Յուրա, ինչպե՞ս ստացվեց, որ մնացիք Մոսկվայում, այլ արձակուրդ չգնացիք։
-Ես այստեղ եմ, որովհետև ընտանիքս բարեկամներիս հետ ժամանել են Մոսկվա։ Բացի այդ, Մոսկվայում պետք է որոշ փաստաթղթեր ստորագրեի՝ կապված «Սպարտակ» տեղաձոխությանս հետ, պետք է ծանոթանայի թիմակիցներիս հետ։ Հինգշաբթի մեկնում եմ Լոս Անջելես։ Ռուսաստան կվերադառնամ հունվարի կեսին, որպեսզի նոր խաղընկերներիս հետ մեկնեմ հավաքի։
-Շա՞տ եք հոգնել լարված մրցաշրջանից հետո և պատրաստ էիք շարունակել խաղալ։
-Հոգնածություն կա, քանի որ այս տարի շատ խաղեր եմ անցկացրել ինչպես «Կրասնոդարի», այնպես էլ Հայաստանի հավաքականի կազմում։ Հիմա ամենակարևորը հանգիստն է։ Ուզում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ և որոշ ժամանակով մոռանալ ֆուտբոլի մասին։
-Վերջին խաղերը բաց եք թողել ոտնաթաթի վնասվածքի պատճառով։ Այն շարունակու՞մ է Ձեզ անհանգստացնել։
-Առաջընթաց կա, սակայն մինչև վերջ այդ խնդիրը լուծված չէ։ Այդուհանդերձ, առաջնության գարնանային փուլի մեկնարկին պատրաստ կլինեմ 100 տոկոսով, անկասկած։
-Սեպտեմբերին Ձեր գործակալները բանակցություններ էին վարում «Կրասնոդարի» հետ պայմանագրի երկրարաձգման հարցով։ Ո՞րն է պատճառը, որ կողմերը չեկան համաձայնության։
-Կրասնոդարցիները չէին կարող վճարել այն գումարը, որը ես ցանկանում էի վաստակել։ Նաև միշտ ցանկություն կար խաղալ թոփ-ակումբում, ես երազում էի նման հնարավորության մասին։ Որոշեցի բաց չթողնել այն և հույս ունեմ, որ երբեք չեմ զղջա իմ որոշման համար։
-Ե՞րբ «Սպարտակը» կապ հաստատեց Ձեզ հետ։
-Դա տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ։ Խոստովանեմ՝ նման ակումբի կողմից եղած հետաքրքրությունը չի կարող մարդուն անտարբեր թողնել։
-Ու՞մ հետ խորհրդակցեցիք առաջին հերթին, երբ «Սպարտակից» հրավեր ստացաք։
-Իհարկե, հորս։ Նա ինձ վստահեցրեց, որ պետք է տեղափոխվեմ «կարմրա-սպիտակների» թիմ, քանի որ դա մեծ ակումբ է, որտեղ ես կարող եմ առաջընթաց գրանցել։ 25 տարեկան եմ, ֆուտբոլում ծաղկման տարիքում եմ, և պարտավոր եմ լավագույն տարիներս անցկացնել նման ուժեղ թիմում։
-Ձեզ չի՞ խանգարում այն փաստը, որ «Սպարտակում» մարզիչ է փոխվել։
-Ոչ մի կերպ։ Ինձ համար նույնիսկ լավ է, որ մարզչի պաշտոնը ստանձնել է Վալերի Կարպինը, ով շատ էր ցանկանում ինձ ձեռք բերել և քիչ ջանքեր չի ներդրել դրա համար։
-Այսինքն, Ձեր տեղափոխության նախաձեռնողը Կարպի՞նն է։
-Այո, սակայն պետք է նշեմ, որ «կարմրա-սպիտակների» նախագահ Լեոնիդ Ֆեդունը նույնպես շահագրգռված էր, որպեսզի, ի վերջո, ես հայտնվեի «Սպարտակում»։ Իր դերն ունեցավ նաև «Սպարտակի» բաժնետերերից մեկը՝ Ջիվան Չոլոյանցը։ Ես երախտապարտ եմ բոլոր այդ մարդկանց այն բանի համար, որ կարողացա տեղափոխվել «Սպարտակ»։ Բանակցությունները երկար տևեցին, սակայն չեմ կարող ասել, որ ամեն ինչ հեշտ էր ստացվում, կային դժվարություններ։ Բարեբախտաբար ամեն ինչ կարգավորվեց, ինչի համար շատ ուրախ եմ։
-Ձեր գործակալը վերջերս խոստովանեց, որ կային նաև այլ առաջարկություններ, մասնավորապես՝ «Սթոք Սիթիից», «Էվերտոնից»։ Ինչու՞ չտեղափոխվեցիք Անգլիա։
-Չէի ցանկանա հիմա դրա մասին խոսել։ Գլխավորը, որ «Սպարտակի» ֆուտբոլիստ եմ։ Դա իրավամբ մեծ ակումբ է, իմ կարծիքով՝ լավագույն երկրպագուներով։ Ակումբն ունի պատմություն, փառահեղ ավանդույթներ, սակայն վերջին շրջանում ոչ մի բան չեն նվաճել։ Ես այստեղ եմ, որպեսզի իմ գոլերով և խաղով հաղթանակներ և տիտղոսներ բերեմ «կրամրա-սպիտակներին»։
-Գոլերի նվազագույն շեմ դրե՞լ եք մրցաշրջանում։
-Ո՛չ, ես ջանում եմ գլուխս չծանրաբեռնել տարբեր թվերով։ Որքան շատ գոլերի հեղինակ դառնամ, այնքան լավ։
-«Սպարտակի» երկրպագուները բողոքում են, որ լեգեոներները չգիտեն ակումբի պատմությունը և չեն հարգում ավանդույթները։ Ուսումնասիրե՞լ եք նոր թիմի պատմությունը, կարո՞ղ եք ինչ-որ բան ասել։
-Իհարկե։ «Սպարտակը» մեծ ակումբ է, որը ռեկորդակիր է Ռուսաստանի առաջնությունունում նվաճած տիտղոսների քանակով։ Գիտեմ նաև, որ ակումբի լեգենդ է իմ հայրենակից Նիկիտա Սիմոնյանը, մարդ, որով հպարտանում եմ։ Երբ ես Լոս Անջելեսում էի, նայել եմ «կարմրա-սպիտակների» խաղերը։ Սա ամբողջ աշխարհում հայտնի բրենդ է։
-Եթե Ձեզ խնդրեն Հայաստանի հավաքականում ձեր խաղընկեր Հենրիխ Մխիթարյանին հրավիրել «Սպարտակ», կօգնե՞ք այդ հարցում։
-(Ծիծաղում է) Իսկ ինչու՞ ո՛չ։ Իհարկե, ես խորհուրդ կտամ մտածել այդ տրանսֆերի մասին, սակայն Հենրիխն առանց այդ էլ խաղում է մեծ ակումբում՝ «Շախտյորում»։ Բացի այդ, որքան գիտեմ, նա մի քանի հրավեր ունի եվրոպական թոփ-ակումբներից։ Ամեն դեպքում, նա պետք է կատարի իր ընտրությունը։
-Շատ ֆուտբոլիստներ մոսկովյան ակումբներ են տեղափոխվում և սեփական տաղանդը մսխում մայրաքաղաքի գիշերային բուռն կյանքի և հնարավորությունների պատճառով։ Նման վտանգ կա՞։
-Ո՛չ, նման բաներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում։ Ես պրոֆեսիոնալ եմ, և չեմ կարող գիշերները ակումբներ գնալ և զվարճանալ մինչև առավոտ։ Նման բան երբեք ինձ թույլ չեմ տվել, քանի որ ինձ համար ամենակարևորը ֆուտբոլային կարիերաս է։ Ավելի լավ է ժամանակ անցկացնեմ կնոջս և երեխաներիս հետ։ Առանց այն էլ երբեմն ստացվում է այնպես, որ բավարար ժամանակ չեմ անցկացնում նրանց հետ հավաքների, խաղերի պատճառով։
-Սոցիալական ցանցերում կա՞ք։ Նման բաները ձեզ հետաքրքրու՞մ են։
-Twitter-ում չկամ, և չեմ էլ պատրաստվում գրանցվել այնտեղ։ Չեմ կարող ասել, որ սոցցանցերի երկրպագու եմ, բայց Facebook-ում պաշտոնական էջ ունեմ։ Այն վարում է իմ մենեջերը, ում լիովին վստահում եմ։
-Մի քանի խոսք էլ հավաքականի մասին։ Իրական եք համարում, որ Ձեր թիմը խաղա աշխարհի առաջնությունում։
-Դեռ վաղ է խոսել դրա մասին, քանի որ ընդամենը երեք խաղ ենք անցկացրել։ Նայե՛ք մեր խմբին, այնտեղ խաղում են այնպիսի հավաքականներ, ինչպիսիք են Դանիան, Չեխիան, Իտալիան։ Մենք երիտասարդ թիմ ունենք, և կարծում եմ, որ եթե Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում հանդես գալու համար պետք է հրաշք գործենք, ապա Եվրո 2016-ում խաղալու համար մենք իրական հնարավորություններ ունենք։ Մեր առաջընթացի հարցում գատնիք չկա։ Ուղղակի մենք հպարտենք նրանով, որ խաղադաշտում պաշտպանում ենք Հայաստանի պատիվը, և բոլոր ջանքերն ենք գործադրում, որպեսզի մեր ժողովրդին երջանկություն պատճառենք։Երբեք չենք մտածում պարգևատրումների մասին։ Մեր ֆեդերացիան ամեն ինչ անում է ֆուտբոլիստների համար, ստեղծված են բոլոր պայմաններն, այդ թվում՝ կան բոնուսներ։ Սակայն ինչպես ավելի վաղ ասացի, մենք խաղադաշտ դուրս չենք գալիս գումարների համար, այլ միայն նրա համար, որպեսզի պաշտպանենք երկրի պատիվը։
-Ո՞ր ֆիլմն եք ամենաշատը սիրում։
-Շատ ֆիլմեր կան, որոնք կարող եմ նշել, սակայն կառանձնացնեի «Կնքահայրը» և «Սպիով դեմքը»։ Իսկ ընդհանրապես՝ սիրում եմ կատակերգություններ և թրիլերներ։
-Իսկ որ դերասանին կառանձնացնեիք։
-Ալ Պաչինոյին։ Նա հզոր անձնավորություն է, մեծ հաճույքով նայում եմ նրա բոլոր ֆիլմերը։
-Ամենաշատն ինչից եք վախենում կյանքում։
-Վախեր ընդհանրապես չունեմ, 100 տոկոսով վստահ եմ ուժերիս։
-Եթե ֆուտբոլիստ չդառնայիք, ո՞ր մասնագիտությունը կընտրեիք։
-Ես նույնիսկ չեմ մտածել դրա մասին։ Միշտ գիտեի, որ ֆուտբոլիստ եմ դառնալու, և դրանում որևէ կասկած չեմ ունեցել։
-Մարդու մեջ ի՞նչն եք առավել գնահատում։
-Ամենակարևորը՝ անկեղծությունը, ինչպես նաև վախի բացակայությունը և ձգտումն անել այն, ինչը նա իրականում ցանկանում է, այլ ոչ թե այն, թե ինչ են նրան պարտադրում։
-Ո՞րտեղ և ե՞րբ եք առավել երջանիկ եղել։
-Ես ամենաշատն ուրախանում եմ, երբ ընտանիքս, երեխաներս, բարեկամներս կողքիս են։ Ես ապրում եմ նրանց համար։
-Ունե՞ք արդյոք մեկ բաղձալի երազանք։
-Իհարկե ունեմ։ Հայաստանի հավաքկաանի հետ խաղալ աշխարհի առաջնությունում, արժանիորեն հանդես գալ այնտեղ և անել այնպես, որպեսզի մեր երկրի մասին իմանա ամբողջ աշխարհը։
Թարգմանությունը՝ spoortarmenia.com
‘