‘Յուրա Մովսիսյան. Բոլորս էլ պատրաստ ենք Չեխիայի խաղին’

833

Այսօր, Գյումրիի «Շիրակի» պատանեկան ֆուտբոլային թիմերին գնդակներ և մարզաշապիկներ բաժանեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նվերները հանձնելուց հետո Մովսիսյանը մի քանի րոպե նաև ֆուտբոլ խաղաց պատանիների հետ, որոնց համար «Սպարտակի» հարձակվողի այցելությունն իսկական տոն էր:

Լրագրողների հետ զրույցում Մովսիսյանը կիսվեց տպավորություններով.

«Չմոռանանք, որ բացի իմ նվերներից՝ ունենք նաև ֆեդերացիայի կողմից տրամադրված նվերները, դրանք շատ լավ որակի մեծ քանակությամբ գնդակներ են, որոնք կստանան «Շիրակ» ակումբի պատանիները: Մենք միշտ գիտենք, որ նման նախաձեռնություններ իրականացնելիս, մեր մեջքին կանգնած է ֆեդերացիայի նախագահը, ով միշտ օգնում է մեզ:

Միայն երեխաների աչքերին նայելուց՝ ինձ համար ամեն ինչ պարզ է դառնում: Ես էլ իրենց տարիքին եմ եղել, ես էլ երազել եմ ֆուտբոլիստների հետ ֆուտբոլ խաղալ: Ճիշտ է, պայմանները իդեալական չեն, բայց շա՜տ-շա՜տ ուրախ եմ, որ երեխաները կարող են ֆուտբոլ խաղալ և ֆուտբոլի միջոցով ապագա ստեղծել:

Հավաքականի ոչ մի խաղացող միանգամի՛ց չի դարձել ֆուտբոլիստ, բոլորս էլ երեխա ենք եղել, մյուսներից ավելի շատ ենք աշխատել, դրա համար էլ դարձել ենք ֆուտբոլիստ: Այնպես չէ, որ մենք յուրահատուկ ենք եղել, պարզապես պետք է լավ աշխատել: Յուրաքանչյուր գործում էլ աշխատասիրությունը տալիս է արդյունք»:

Այն հարցին, թե, արդյո՞ք, իր զավակները կզբաղվեն ֆուտբոլով, Մովսիսյանը պատասխանեց.

«Աղջկաս դեռ չեմ հարցրել այդ մասին, նա դեռ մեկ տարեկան է (ժպտում է-խմբ.), բայց աղջիկս հաստատ ֆուտբոլիստ չի դառնա: Ես գտնում եմ, որ ֆուտբոլն աղջկա գործ չէ, թեև ԱՄՆ-ում միլիոնավոր աղջիկներ են զբաղվում ֆուտբոլով: Իսկ տղաս, հույս ունեմ, կդառնա ֆուտբոլիստ, ուրիշ ի՞նչ պետք է անի: Տղաս 3 տարեկան է, ինքը ամեն անգամ գալիս է մարզադաշտ և դիտում է իմ մասնակցությամբ խաղերը»:

Մովսիսյանն անդրադարձել է նաեւ Չեխիայի հետ մարտի 26-ին կայանալիք ԱԱ-2014 թ. ընտրական խաղի վերաբերյալ.

«Շատ լավ ենք տրամադրված Չեխիայի հետ խաղին. հույս ունենք, որ շատ լավ է լինելու մեզ համար: Տղաները բոլորը պատրաստ են: Ճիշտ է` երեկվա խաղը շատ դժվար ստացվեց, բայց կարևորը, որ օգնեց մեզ՝ պատրաստվելու Չեխիայի խաղին և ծառայեց իր նպատակին:
Ոչ մի գուշակություն անել չեմ կարող: Միակ բանը, որ կարող եմ ասել` բոլորս էլ պատրաստ ենք խաղին: Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որքան կարևոր հանդիպում է, դրա համար բարձր տրամդրությամբ ենք պատրաստվում խաղին:

Եթե անընդհատ կենտրոնանանք Չեխիայի ուժեղ կողմերի վրա, ապա կմոռանանք մեր ուժեղ կողմերի մասին: Մենք ուշադրություն ենք դարձնելու մեր ուժերի վրա, որպեսզի խաղանք մեր խաղը: Մենք շատ լավ գիտենք, որ եթե խաղանք մեր խաղը, ապա արդեն կապ չունի, թե ում դեմ ենք խաղում:

Ես չեմ սիրում ասել, թե քանի գոլ եմ խփելու, ինձ համար կարևորը հավաքականի հաղթանակն է: Եթե դրա հետ մեկտեղ գոլ խփեմ, ապա կրկնակի լավ կզգամ»:

Այն հարցին, թե, արդյո՞ք, հնարավոր է, որ հետագայում Մոսվիսյանը ելույթ ունենա Գյումրիի «Շիրակում», ֆուտբոլիստը պատասխանեց.

«Մոտ ապագայում հնարավոր չէ, բայց եթե հետագայում լավ առաջարկ լինի, ապա կհամաձայնեմ»:

Armsport.am

Նախորդ հոդվածը‘Եվս մի ԵՊՀ դասախոս պահանջում է պատժել բուհի որոշ պաշտոնյաներին’
Հաջորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյանը ավագանու ընտրությունների և իշխանափոխության «սահմանադրական ճանապարհի» մասին ‘