‘Յուրա Մովսիսյան. Սկզբի համար մեկ գոլը նույնպես լավ է’

569

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով փետրվարի 4-ին նորամուտը նշեց Մոսկվայի «Սպարտակի» կազմում՝ գրավելով Դուբայի «Ալ Դաֆրա» ակումբի դարպասը, զրուցել է «Սպարտակի» պաշտոնական կայքի հետ:

Շնորհավորում ենք նորամուտի կապակցությամբ: Չնայած հանդիպումն ընկերական էր, սակայն Ձեզ հաջողվեց  դառնալ գոլի հեղինակ: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր խաղը:

Երջանիկ եմ, որ վնասվածքից հետո կրկին վերադարձել եմ խաղադաշտ եւ կարող եմ խաղալ: Բայց ավելի կարեւոր է, որ մեզ հաջողվեց հաղթանակ տանել՝ անառիկ պահելով սեփական դարպասը: Ինձ համար դա ավելի արժեքավոր է, քան խփած գնդակը:

Այնուամենայնիվ, խաղադաշտում անցկացրած 30 րոպեն բավական հաջող ստացվեց:

Պարտավոր էի խփել նաեւ երկրորդ գնդակը: Երկու-երեք հիանալի գոլային պահ ունեի եւ աչքի ընկնելու հնարավորություն կար: Բայց սկզբի համար մեկ գոլը նույնպես լավ է:

Ե՞րբ կարող եք խաղադաշտում 90 րոպե անցկացնել:

Դրա համար ժամանակ կպահանջվի: Լիարժեք մարզումներ սկսել եմ ընդամենը 10 օր առաջ: Իսկ մինչեւ այդ, 4 ամիս դադար եմ ունեցել: Հիմա արդեն, բացի ամենօրյա մարզումներից, անցնում եմ նաեւ հատուկ պրոցեդուրաներ եւ, կարծում եմ, որ երկու շաբաթից արդեն լիովին պատրաստ կլինեմ:

Ո՞ւմ կնվիրեք «Սպարտակի» կազմում խփած առաջին գնդակը:

Առաջին գոլը, նույնիսկ ոչ պաշտոնական խաղում, անկասկած շատ կարեւոր է: Իսկ եթե խաղում ես «Սպարտակի» կազմում, ապա որեւէ հանդիպում ընկերական չի կարելի համարել: Այս գոլն ինձ կարող է օգնել՝ վերադարձնելու վստահությունս: Այդ իսկ պատճառով, այս գոլը նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր հավատում եւ աջակցում էին ինձ, երբ վնասվածք ունեի եւ որոշեցի տեղափոխվել «Սպարտակ»:

Ինչո՞ւ ընտրեցիք հենց 12 համարը:

Իմ կուռք Թիերի Անրիի պատճառով: Ի դեպ, ազգային հավաքականում ես կրում եմ 14 համարը: Դա նույնպես այն խաղային համարներից է, որով հանդես է եկել Անրին: Մյուս բոլոր համարները, որոնք ինձ դուր էին գալիս, արդեն զբաղված էին եւ ես ընտրեցի 12 համարը՝ ի պատիվ իմ սիրելի ֆուտբոլիստի:

Իսկ ինչո՞ւ սիրեցիք հենց Անրիին:

Պարզապես նա լավագույններից մեկն է աշխարհում: Անրին ունի յուրատեսակ ոճ ու էներգետիկա եւ նրա գործողություններին հետեւելը միշտ էլ հետաքրքիր է: Երբ Անրիին տեսնում ես խաղադաշտում, իրական բավականություն ես ստանում ֆուտբոլից: Նրա նվաճումներն ու խփած գոլերն ինձ գրավել են դեռեւս մանկուց:

Եթե ձեռքով գոլ խփեք, խաղից հետո կխոստովանե՞ք:

Նույնիսկ խփել եմ այդ կերպ: Սակայն ֆուտբոլում այնպես է, որ եթե դու ձեռքով ես խաղում, բայց մրցավարը չի դադարեցնում խաղը, ապա պարտավոր ես գրավել մրցակցի դարպասը եւ օգուտ բերել քո թիմին: Իհարկե, պետք է ազնիվ լինել, բայց եթե գոլն արձանագրվել է, ուրեմն վերջ:

Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Ռուսաստանում, որը չկա ԱՄՆ-ում:

Լեզուներ սովորելու հնարավորությունը: Դեռ մանկուց ցանկացել եմ ռուսերեն խոսել: Ռուսերենն ինձ միշտ դուր է եկել:

Ընտանիքում հայերե՞ն եք խոսում, թե՝ անգլերեն:

Միայն հայերեն ենք խոսում: Ես եւ ընտանիքս միանշանակ վստահ ենք, որ երեխաներս նույնպես խոսելու են հայերեն:

Ձեզանից բացի, «Սպարտակում» կա՞ մեկը, ով գիտի հայերեն:

Ոչ, չկա: Տղաներից ոմանք գիտեն ընդամենը մի քանի բառ: Բայց շատ կարեւոր է, որ «Սպարտակի» պատմության մեջ հայ ֆուտբոլիստներ եղել են:

Գիտեի՞ք, որ ծնվել եք «Սպարտակի» չեմպիոնության տարում:

Հիմա արդեն գիտեմ եւ, կարծում եմ, դա լավ նշան է:

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Պետդեպ. ԱՄՆ-ը պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Իրանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը, խաղալու է այն մարզադաշտում, որտեղ երկար տարիներ խաղացել է իր հայրը (տեսանյութ)’