‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Վոլֆսբուրգի» դեմ Բունդեսլիգայի 16-րդ տուրի խաղից առաջ նշել է, թե ով կարող է փոխարինել վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանին: Դեկտեմբերի 13-ին ստացած մկանային կտրվածքի պատճառով Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայելու է 6 շաբաթ:
«Հիմա դժվար է ինչ-որ լավ բան գրել մեր մասին: Մենք պարտվեցինք նախորդ խաղում, սակայն դա չի նշանակում, որ հաջորդում մեզ նույնն է սպասվում: Դա այլ տակտիկայով խաղացող բացարձակապես այլ մրցակից է: Բոլորս տեսանք «Վոլֆսբուրգի» և «Պադերբորնի» միջեւ խաղը: «Վոլֆսբուրգը» ցույց չտվեց այն ամենն, ինչի ունակ է, սակայն ակնարկեց դրա մասին: «Վոլֆսբուրգն» ուժեղ ու իր ուժերին վստահ թիմ է, որն ունի շատ ճկուն կիսապաշտպանություն: Ֆուտբոլիստները կարող են փոխվել դիրքերով: Մենք գիտենք, թե ինչ մրցակից է սպասում մեզ: Նման մրցակիցների դեմ պետք է խաղալ անձնվիրաբար:
Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը մեզ ստիպում է հույս դնել Կևին Գրոսկրոյցի վրա: ԱԱ-2014-ից հետո Կևինը չհասցրեց նորմալ պատրաստվել այս մրցաշրջանին, սակայն մեր խնդիրները նրան ստիպեցին անմիջապես անցնել գործի:
Ֆուտբոլիստներ ձեռք բերելու մասին ոչինչ չեմ ասի: Քանակը միշտ չէ, որ որակ է ապահովում: Իհարկե, մտածում ենք կազմը փոխելու հավանականության մասին, սակայն վերջնական որոշում կկայացնենք ձմեռային դադարի ժամանակ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
«Բորուսիա» — «Վոլֆսբուրգ» խաղը կկայանա դեկտեմբերի 17-ին Դորտմունդում: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 9-րդ պարտությունից հետո «Բորուսիան» 14 միավորով նահանջել է 16-րդ տեղ, իսկ վոլֆսբուրգցիները 30 միավորով երկրորդն են:
‘