‘Յուրի Վարդանյան. Կազմակերպչական աշխատանք ես միշտ էլ կատարել եմ’

974

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ իր ֆունկցիան կայանում է միայն «դպրոցներում, բակերում շրջելու, երիտասարդության համար օրինակ ծառայելու մեջ»:

Հիշեցնենք, որ օրերս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հորդորել էր նխարարության աշխատակազմին` Յուրի Վարդանյանին որպես կենդանի լեգենդ, տանել դպրոցներ, բակեր եւ ցույց տալ երեխաներին:  

«Նախարարի ֆունկցիան իհարկե միայն դրանում չի կայանում, iLur.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանը: — Բայց քանի որ նախարարը լեգենդար մարդ է (ես մոռանամ, որ ինձ է վերաբերում), էդ պահով նախագահը (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) ճիշտ ասեց` այո, էդ պահը պետք է օգտագործվի, ինչո՞ւ չէ: Մենք էսօր ունենք օլիմպիական չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ, բա չօգտագործե՞նք»:

Նախարարը հավելեց նաեւ, որ մտադիր է, հետեւելով Սարգսյանի հորդորին, հանրահայտ սպորտսմեններին տանել մարզադպրոցներ, դպրոցներ, «թող մեր երեխեքը տեսնեն, իմանան, որ էսպիսի մարզիկներ է մեր երկիրը տվել, իրենց կենսագրականը, անցած ճանապարհը ցույց տան, որ իրենք էլ ձգտեն էդ հաջողություններին, ոգեւորվեն»:

«Ես հո մենակ սպորտի նախարար չեմ: Էսօր մեր երիտասարդների մեծամասնությունը բարերում, գիշերային ակումբներում, փողոցներում իրենց սիրած բաներով, ընկերուհիներով են զբաղված, սպորտից կտրված են, նրանց մոտ պետք է սպորտի նկատմամբ հետաքրքրություն արթնացնենք»,- ասաց Վարդանյանը:

Հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը նաեւ նշել էր. «Թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք»:

Յուրի Վարդանյանին հարց ուղղեցինք` արդյոք նրան չի շփոթեցնում, որ  Սարգսյանը կասկածում է իր կազմակերպչական ունակությունների վրա:

«Էդ հարցը երեւի պետք է նախագահին տաք, բայց չեմ կարծում, որ նախագահը կասկածում է: Որովհետեւ կազմակերպչական աշխատանքներում ես մինչեւ Ամերիկա գնալս էլ կատարել եմ: Դրանից հետո գնացել եմ Ամերիկայում հասարակական գործունեությամբ եմ զբաղվել: ՀԿ ղեկավար եմ եղել, 20 հազար ժողովուրդ եմ կողքիս հավաքել, ղեկավարել: Դրանք բոլորը կազմակերպչական գործեր են, այսպես ասած, մենեջերական աշխատանք: Դրանից հետո նախագահականում խորհրդական եմ աշխատել, ամեն ինչ տեսել եմ, ըմբռնել»-, ի պատասխան, նշեց նախարարը:

Յուրի Վարդանյանը հավելեց նաեւ, որ մնացած հայտնի սպորտսմենների հետ միասին շուտով սկսելու է շրջագայել բակերում, ու մարզադպրոցներում: «Ես առանձին, իրենք առանձին, բայց ես պետք է կոորդինացնեմ էդ աշխատանքը: Ես հիշում եմ, որ խորհրդային ժամանակները հմալսարան էին հրավիրում ինձ, ընդամենը կենսագրությունս էի պատմում, թե որտեղից ուր եմ հասել: Կամ Ամերիկայում «մաստեր կլասեր» եմ արել, մեծ գումարներ եմ վաստակել: Դե իհարկե, էստեղ առանց գումարի եմ անում էդ ամենը, մեր երեխեքի, մեր երկրի համար, բայց Ամերիկայում վճարովի ինձ կանչում էին, ու ես իմ կենսագրությունից բացի ուրիշ բան չէի ներկայացնում: Էդ իրենց համար լիովին բավական էր», — եզրափակեց սպորտի նախարարը:

Նախորդ հոդվածը‘Հարավային Դակոտայի օրենսդիրի մարմինը մերժել է հակահայկական բանաձևը’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամ. Ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու համար’