‘Նազարբաևը սպառնացել է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության կազմից’

1549

«Խաբար» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ երկիրը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության կազմից: Երկրի ղեկավարի խոսքով նման որոշման պատճառ կարող է դառնալ այն, որ կանոնները, որոնք նախկինում հաստատվել են համաձայնագրում, չիրագործվեն:

«Եթե կանոնները, որոնք նախկինում հաստատվել են համաձայնագրում, չեն իրագործվում, ապա Ղազախստանն իրավունք ունի հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից: Աստանան երբեք չի լինի կազմակերպության կազմում, որը վտանգում է Ղազախստանի անկախությունը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» նշում է, որ նման խոսքերի պատճառ է հանդիսացել Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 29-ին երիտասարդական «Սելիգեր» հավաքի ժամանակ արված այն արտահայտությունը, համաձայն որի՝ Նազարբաևը պետություն է ստեղծել տարածքում, որտեղ երբեք պետություն չի եղել: Պարբերականը նշում է նաև, որ Պուտինի այս խոսքերի հետևանքով Ղազախստանում մեծ թափ է առել «Ուղարկիր Պուտինին պատմության դասագիրքը» ակցիան:

«Մեր անկախությունը՝ ամենաթանկ գանձն է, որի համար պայքարել են մեր պապերը: Առաջինը՝ մենք երբեք չենք հանձնի մեր անկախությունը, և երկրորդը՝ մենք կանենք ամեն հնարավորը, որ պաշտպանեք այն»,- հավելել է Նազարբաևը:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամներ են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Սերժ Սարգսյանն էլ բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է օր առաջ դառնալ կազմակերպության անդամ:

 

Նախորդ հոդվածը‘Երևանյան լճում ջրահեղձվել է քաղաքացի’
Հաջորդ հոդվածը‘«Գազպրոմը» Ղրղզստանի սպառողներին այսուհետև գազը կվաճառի 165 դոլարով’