‘Նազարբաև. Մինչև տարեվերջ Ղազախստանը կվավերացնի ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության շուրջ պայմանագիրը’

760

Մինչև տարեվերջ Ղազախստանը կվավերացնի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը:

Ղազախստանի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև գոյություն ունի, գործնականում,  լիակատար վստահություն, և չկա ոչ մի խնդիր, եթե կա, ապա դրանք ընդհանուր են Ռուսաստանի և Ղազախստանի համար:

«Հունվարի 1-ից կաշխատենք ԵԱՏՄ համակարգով: Կարող են ասել, թե ահա, Եվրասիական տնտեսական միություն է, առևտուրը նվազել է և այլն: Դա այդպես է, սակայն` ոչ փողով, այլ ձեռնարկությունների, ընկերությունների միջև համագործակցության ֆիզիկական ծավալներով: Համատեղ ձեռնարկությունները զարգանում են, կոնյունկտուրան կբարելավվի: Դրա ընդհանուր օգուտն այն է, որ մենք ունենք ընդհանուր մաքսային սահմաններ, բեռների ազատ փոխադրումներ, մարդկանց ազատ տեղաշարժ: Եվ ամսի 23-ին Մոսկվայում տեղի կունենա հանդիպում, մենք կվավերացնենք Հայաստանի մուտքը», — նշել է Նազարբաևը:

Նա ընդսմին հավելել է, թե հնարավոր է, որ մինչ այդ Ղրղըզստանը պատրաստ լինի: Մեդվեդևն իր հերթին կարևորել է Եվրասիական տնտեսական միության գործունեությունը հաջորդ տարվանից: «Մենք իրոք շատ մոտ գործընկերներ ենք, առջևում մեզ սպասում է չափազանց լուրջ ինտեգրացիոն նախագիծ, որը մենք արդեն սկսել ենք: Ինչ վերաբերում է Ձեր ասածին, ապրանքաշրջանառության աճին կամ փոքր-ինչ նվազմանը, այդ ամենն անցողիկ է, ամեն բան, հաստատ, կկարգավորվի: Ամենագլխավորն այն է, որ ինտեգրացիոն գործընթացն ինքնին սկսվել է», — եզրափակել է Ռուսաստանի վարչապետը:

Նշենք, որ Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարաններն արդեն վավերացրել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը, որը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Հերթը Բելառուսի և Ղազախաստանի խորհրդարաններինն է: 

Նախորդ հոդվածը‘Սիդնեյ. Ոստիկանությունը կապ է հաստատել պատանդներ վերցրած ահաբեկչի հետ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ’