‘Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է կոռուպցիայի մասին’

1316

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում՝ անդրադառնալով խորհրդարանական կոռուպիցային: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի խորհրդարան, 

Մեր գործընկեր Մայլիս Ռեփսի զեկույցը ես համարում եմ ոչ միայն մեր այս նստաշրջանի, այլ նաեւ վերջին շրջանում մեր խորհրդարանում քննարկվող ամենաառանցքային զեկույցներից մեկը: Այո, այսօր ավելի մեծ սպառնալիք օրենքի գերակայությանը, քան կոռուպցիան է՝ չկա, եւ ես շնորհակալ եմ մեր գործընկերոջը, ով ունեցավ այնքան համարձակություն՝ անդրադառնալու նման լրջագույն խնդրի:

Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է քաղաքական կոռուպցիան քայքայում ժողովրդավարական արժեքները, տեսնում ենք, թե ինչպես են  հենց մեր Վեհաժողովում շատ հարգարժան պատգամավորներ դառնում այս կամ այն երկրի վճարովի լոբբիստը, բայց չենք ուզում ընդունել, որ քաղաքական կոռուպցիան այլեւս հասել է այնպիսի մի սահմանագծի, որ լռության ցանկացած օր հավասարազոր է մեր կառույցի հիմնարար արժեքների անվերադարձ փլուզման:

Բնականաբար, որպես ԵԽԽՎ պատգամավոր, ես կառանձնացնեմ զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է խորհրդարանական կոռուպցիային:

Միանշանակ՝ համաձայն եմ Մայլիսի հետ, որ խորհրդարանական կոռուպցիայի ցայտուն օրինակ է Ադրբեջանի կողմից վարած՝ այսպես կոչված խավիարային քաղաքականությունը, որի շնորհիվ Ադրբեջանին հաջողվում է ոչ միայն մեր Վեհաժողովում, այլ նաեւ միջազգային տարբեր կառույցներում կասեցնել  Ադրբեջանում տիրող վիճակի վերաբերյալ ցանկացած քննադատություն: Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մենք բաց ու հրապարակային հաշվետվություն պահանջենք  մեր այն գործընկերներից, ում անունները շրջանառվում են ադրբեջանական խավիարային սկանդալում:

Քաղաքական այս ակնհայտ կոռուպցիային անդրադարձել է նաեւ Ֆրիդըմ Հաուզը, որի  զեկույցում ասված է՝  «Վերջին տարիներին արեւմտյան դիվանագետները շատ արագ հրաժարվեցին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին խոսելուց, քանզի  շրջանառության  մեջ մտավ հայտնի խավիարային քաղաքականությունը՝ նվերներ, գումար, որոնց շնորհիվ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդում ստեղծեց  «փաստաբանների» իր խումբը, ովքեր չեզոքացնում են ադրբեջանական իշխանության շահերին չհամապատասխանող ամեն ինչ: Իսկ վերջերս գերմանական «Թագեսշպիգել» պարբերականը եւս ծավալուն անդրադարձ էր կատարել այս խնդրին՝ նշելով կոնկրետ անուններ, նաեւ մեր Վեհաժողովից, ովքեր պարբերաբար օգտվում են ադրբեջանական քաղաքական հյուրասիրությունից:

Օրերս էլ  «Վաշինգթոն Փոսթը» հրապարակել էր Օբամայի նախորդ նախագահության շրջանի երեք առանցքային  դեմքերին՝ Ջիմ Մեսինային, Ռոբերտ Գիբսին եւ Դեյվիդ Բլուֆին առնչվող սկանդալը, ըստ որի՝ այդ երեք պաշտոնյաները մի քանի տասնյակ հազար  դոլարի հոնորարաներ են ստացել՝ Բաքվում ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար: Ինչպես տեսնում եք՝ Բաքվի ամենակարող նավթոտ թաթը հասել է անգամ  Օբամայի վարչակարգ:

Հարգելի գործընկերներ, մենք պետք է լրջագույն հետեւություններ անենք մեզ ներկայացված զեկույցից: Եւ երբ հայկական  պատվիրակությունն առաջարկում էր կանոնակարգել լոբբիստական գործունեությունը, շատերն այստեղ դեմ քվեարկեցին՝ չկանխատեսելով դրա կորածանարար հետեւանքները: Ուստի ես կրկին առաջարկում եմ, որ քաղաքական եւ իրավական հանձնաժողովները հատուկ քննարկում կազմակերպեն քաղաքական կոռուպցիայի թեմայով եւ համատեղ մշակենք կոնկրետ եւ գործուն մեխանիզմներ՝ ընդդեմ եվրոպական արժեհամակարգը քանդող քաղաքական կոռուպցիոներների:

Նախորդ հոդվածը‘Մինյոլեն էլ տեղափոխվեց «Լիվերպուլ»’
Հաջորդ հոդվածը‘Վանդալիզմի դեպք Քաշաթաղում ‘