‘Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է հայ ռազմագերու մասին ‘

789

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում ունեցած իր ելույթում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի խնդրին: Իր ելույթում հայ պատգամավորը մասնավորապես ասել է.

«Այս տարվա օգոստոսի 8-ից մինչ օրս Ադրբեջանում գերեվարված է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ով մոլորվելով տեղանքում` հայտնվել է ադրբեջանական գերության մեջ: Ոմանք կարծում էին, թե ԵԽ անդամ երկիր Ադրբեջանը գոնե կհարգի իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում` մարդասիրական: Սակայն Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնեւյան կոնվենցիան` հայ զինվորին ադրբեջանական համազգեստ հագցնելով, ադրբեջանական հեռուստատեսությամբ կազմակերպում են «հարցազրույց» շոուներ, որի ժամանակ հստակ երեւում են հայ զինվորի նկատմամբ կիրառված հոգեբանական եւ ֆիզիկական բռնության հետքերը: 

Ադրբեջանը, ըստ էության արհամարհելով Կարմիր Խաչի ջանքերը, սահմանափակում է Հակոբի կապն իր ընտանիքի հետ: Հայ զինվորի ընտանիքը չի կարողանում հստակ տեղեկություն ստանալ իր որդու մասին: Ավելին, հայ զինվորին զրկում են հայրենիք վերադառնալու իրավունքից եւ անհեթեթ տեղեկություններ են տարածում երրորդ երկիր Հակոբի մեկնելու ցանկության մասին: Միանշանակ է, որ այդ, այսպես կոչված, «ցանկությունը», Հակոբին պարտադրվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության արդյունքում:

Այն, ինչ անում է Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը, ուղղակիորեն անթույլատրելի է: Եւ եթե Եվրոպայի Խորհուրդը շարունակի լռել, ապա այդ լռության հետեւանքները կարող են կործանարար լինել: Հիշենք հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին, ով գերի ընկներով` անմարդկային կտտանքների ենթարկվեց ադրբեջանցիների կողմից, որից հետո հայ երիտասարդի` գազանաբար տանջամահ արված մարմինը հանձնեցին նրա ծնողներին: Մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել` Հակոբը հայրենիքում որեւէ պատասխանատվության չի ենթարկվելու եւ դա միանշանակ է: Թույլ չտանք, որ ԵԽ անդամ մի երկրի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումը հերթական անգամ բերի անդառնալի ողբերգության: Հակոբին սպասում են հայրենիքում եւ նա պետք է վերադառնա տուն»:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց Ստրասբուրգում՝ «նախագահի աթոռը գողացած Սերժ Սարգսյանի դեմ»’
Հաջորդ հոդվածը‘Համաներումը կտարածվի Տիգրան Առաքելյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի վրա՞’