‘Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է Գինեսի ռեկորդակիր դարձնել դատարանների արդարությանը հավատացողներին (Տեսանյութ)’

1043

ՄԻՊ զեկույցի վերաբերյալ իր ելույթում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ մարդու իրավունքների խախտումներ չարձանագրվեն:

Նա նշեց, որ ըստ պաշտոնական վիճակագրության, մեկ միլիոնից ավել մարդ աղքատ է:

«Բայց բոլոր սոցիոլոգիական հարցումներով՝ պալատական, կիսապալատական, անկախ, կիսաանկախ, բոլոր հարցումների համաձայն, Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը իրենց դժգոհությունների շարքում առաջնահերթ նշում են ոչ թե սոցիալական դժվարությունները կամ գործազրկությունը, այլ՝ արդարության պակասը, կոռուպցիան դատական համակարգում եւ անվստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ: Եւ բնական է, որ ՄԻՊ զեկույցում նշվում է այդ ամենը: Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մեկ քաղաքացի, որը կհավատա, որ Հայաստանում դատարանները անկախ են եւ քաղաքական պատվերներ չեն կատարում: Եթե կգտնվի այդպիսի մեկ քաղաքացի, մենք նրան կներկայացնենք՝ գրանցելու Գինեսի ռեկորդների գրքում որպես բացառիկ տրամաբանություն ունեցող մարդու», ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այլապես հնարավոր չէ սթափ տրամաբանությամբ բացատրել, թե ինչպես է հնարավոր անչափահաս Շահեն Հարությունյանին թեկուզ պայմանական չորս տարվա ազատազրկման դատապարտել, այն դեպքում, երբ «Սյունյաց արքունիքից» մեկ այլ երիտասարդի ծանր հանցագործության համար մեկ օր անգամ պատժի չարժանացնել:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը մի քանի օր է, ինչ հրապարակավ հանդես է գալիս սպառնալիքներով, այսօր էլ խոստացել է «արյան բաղնիքներ» սարքել:

«Ես իհարկե, հասկանում եմ, որ Սյունիքի մարզպետի ամենօրյա աշխատանքային ռեժիմում է ահաբեկել սպանել, կրակել, վախեցնել, եւ բնականաբար, նրա տարեգիրը պետք է այսպիսի բառերով իր մտքերը շարադրեր իշխանական հայտնի լրատվամիջոցներով, բայց ուզում եմ հարգարժան պաշտպանի ուշադրությունը հրավիրե այս սպառնալիքների վրա», — ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը օմբուդսմենի ուշադրությունը հրավիրեց նաեւ պայմանական վաղաժամ արձակման «անկախ» հանձնաժողովի գործունեության վրա: Նր ախոսքով, ԱԺ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի եւ ԲՀԿ խմբակցության մոնիթորինգի արդյունքում, չի եղել մի ՔԿՀ, որի կալանավորները չբողոքեն այդ հանձնաժողովի գործունեությունից:  Նա առաջարկեց  կամ դադարեցնել այդ հանձնաժողովի գործունեությունը, կամ փոփոխել դրա աշխատանքի մեխանիզմները:

Զոհրաբյանը նաեւ ուշադրություն հրավիրեց ժամանակավոր պահպանման խցերի վիճակի վրա: Նա նշեց, որ Մեկ խցում 20-30 մարդ է պահվում անմարդկային պայմաններում: 

Նախորդ հոդվածը‘ Չեմպիոնների լիգա. ազդագիր’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենը կոչ է անում ԱԺ-ում քննարկել ինչպես քաղաքական, այնպես էլ ոչ քաղաքական խնդիրները’