‘Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ Սարսանգի ջրամբարի մասին ‘

937

Այսօր մեկնարկող ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ բյուրոյի հաշվետվության զեկույցի ժամանակ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարություն է հանձնել իր ելույթը՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Սարսանգի ջրամբարի հետ կապված։

«Ես իրապես բարձր եմ գնահատում ԵԽԽՎ բյուրոյի գործունեությունը։ Սակայն, վերջին շրջանում բյուրոյի որոշ որոշումներ օբյեկտիվ հարցեր են առաջացնում։ Մեկ տարի առաջ Ադրբեջանի պատվիրակությունն այստեղ նստած իր լոբբիստներով արեց հնարավորը, որպեսզի  Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում գտնվող Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունվի բանաձեւ։ Մեկ տարի առաջ բյուրոն սթափ որոշում կայացրեց՝ ընդամենն ի գիտություն ընդունելով ադրբեջանական կողմի՝ որեւէ փաստարկից զուրկ պնդումները։ Սակայն, ապրիլյան  նստաշրջանում  ԵԽԽՎ բյուրոն, հայտնի չէ, թե ինչո՞ւ, կամ գուցեեւ հայտնի է, թե ինչու, փոխեց իր դիրքոշորումն ու հանձնարարեց սոցիալական հանձնաժողովին նախապատրաստել բանաձեւ՝ ադրբեջանական մոտիվներով։ Հարգելի գործընկերներ, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ պատրաստ են  Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսություն սկսել՝ փոխշահավետ գործակցության պայմաններում Սարսանգի շրջամբարից Ադրբեջանին ջուր մատակարարելու շուրջ։ Ավելին, թե՛ Կարմիր Խաչի, թե՛ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բազմիցս այդ առաջարկը փոխանցվել է ադրբեջանական կողմին։ Սակայն Ադրբեջանի իշխանությունը մշտապես մերժել է երկխոսության ցանկացած    առաջարկ, ինչից կշահեին երկու կողմերը։ Ես չեմ ուզում պնդել տեսակետը, թե տարբեր վերլուծաբաններ բյուրոյի այս որոշումը համարում են ժեստ Ադրբեջանին՝ ԵԽԽՎ-ում իր  նախագահությանն ընդառաջ, բայց եւ չեմ կարող հերքել նման կասկածները։

Հարգելի գործընկերներ, մեր պատվիրակությունը պատրաստում  է առաջարկություն, որը վերաբերում է Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղերին։ Ադրբեջանական կողմից ամենօրյա ռմբակոծության պատճառով սահմանամերձ հայկական գյուղերի  բնակիչները չեն կարողանում մշակել իրենց հողն ու ստիպված են ամեն օր ու րոպե ապրել ադրբեջանական հենակետերից սուրացող կրակահերթերի տակ։ Սա փաստ է, սա իրականություն է, եւ ես հույս ունեմ, որ բյուրոն մեր առաջարկը  կհամարի փաստարկված հիմք՝ ԵԽԽՎ բանաձեւ նախապատրաստելու  համար։ Այլապես, այս ամենից, անկեղծ ասած, սկսում է երկակի ստանդարտների ու սուբյեկտիվության խիստ սուր հոտ գալ։ Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարին, ապա ես կրկին անգամ փոխանցում եմ Լեռնային Ղարաբաղի իշխանության առաջարկը Ադրբեջանին՝ Սարսանգի ջրամբարի փոխշահավետ օգտագործման։ Եթե Ադրբեջանը կրկին մերժի, վստահեցնում եմ, որ  Ղարաբաղի  իշխանությունները ունեն  խնդրի իրենց լուծումը։ Իսկ  դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ երկխոսության անհրաժեշտություն այլեւս կարող է չլինել։ Ուստի Ադրբեջանը, ԵԽԽՎ-ում, Եվրանեսթում ու միջազգային այլ հարթակներում ջղաձիգ շարժումներ եւ քայլեր անելու փոխարեն՝ կարող է ուղղակի երկխոսություն սկսել Ղարաբաղի իշխանությունների հետ։ Եթե, իհարկե, այդ երկրի նպատակը ընդամենը  աղմուկը չէ»։

Նախորդ հոդվածը‘Լավրովը հույս է հայտնել, որ այսօր «լավ լուրեր» կստացվեն Սոչիից ‘
Հաջորդ հոդվածը‘Է.Վարդանյան. Անթույլատրելի է իրենց իրավունքների պաշտպանության համար բողոքողների նկատմամբ նման վերաբերմունքի դրսևորումը ‘