‘Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում’

1102

Այսօր շարունակվող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել մամուլում եւ մամուլի միջոցով բռնության տարածման թեմայով։ Նաիրա Զոհրաբյանը փաստերով ներկայացրել է ադրբեջանական մամուլում հակահայության, ռասիզմի կոնկրետ օրինակներ՝ կոչ անելով ԵԽԽՎ-ին հստակ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ։

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է՝    

Վերջին շրջանում մեր Վեհաժողովը հաճախ է անդրադառնում զանգվածային լրատվամիջոցների խնդիրներին եւ սա ողջունելի է։ Այո, բռնությունը մամուլում եւ մամուլի միջոցով այսօր բավականին ակտուալ խնդիր է ԵԽ անդամ երկրներում, եւ մենք չենք կարող  ձեւացնել, թե անհանգստանալու լուրջ պատճառներ չկան։ Հարգարժան զեկուցողը իրավացի է, որ  վերջին տասնամյակում ԶԼՄ-ների դաշտը էականորեն փոխվել է ինտերնետի եւ առցանց լրատվամիջոցների հսկայական աճի շնորհիվ։ Սակայն, դրան զուգահեռ աճել են նաեւ նեգատիվ երեւույթների ռիսկերը, որոնց թվում բռնության քարոզն է մամուլում եւ մամուլի միջոցով։ Որպես կանխարգելիչ միջոց զեկուցողը տեսնում է անդամ պետությունների կողմից հստակ եւ համակարգված պայքարը  բռնության քարոզի  դեմ։ Սակայն, հարգելի գործընկերներ, ի՞նչ անել այն դեպքերում, երբ ԵԽ անդամ պետությունն ինքն է հենց բռնության, ատելության, ռասիզմի ամենաակտիվ քարոզիչը։ Ավելին, դատապարտվում եւ բանտեր են գցվում այն լրագրողները, մտավորականները, ովքեր համարձակվում են պայքարել բռնության ու ռասիզմի դեմ։ Խոսեմ փաստերով՝ Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարում է՝ «Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի ադրբեջանցի երիտասարդության համար», ու այս հայտարարությունը ադրբեջանական մամուլի առաջին էջերից չի իջնում։ Մեկ այլ ադրբեջանցի գործիչ՝ Անար Մամեդխանովը հայտարարում է, որ ադրբեջանցիները  հայերին պետք է սպանեն Ղարաբաղում, այլ ոչ թե այլ երկրներում, եւ սա դարձյալ ադրբեջանական լրատվամիջոցների թոփ նյուզն էր։ Ադրբեջանի նախագահ Ալիեւի յուրաքանչյուր ելույթ բռնության ու ռասիզմի կոչ է, եւ լրատվամիջոցը կամ լրագրողը՝ ով կհամարձակվի այլ կարծիք ունենալ, հայտնվում է բանտում։ Ինձ անկեղծորեն ցնցեց 12-ամյա  ադրբեջանուհու խոստովանությունը, որ ինքը  որոշել է դիպուկահար դառնալ, որպեսզի սպանի հայերին։

Եվ զավեշտն այն է, որ Ադրբեջանը ԵԽ-ում  իր նախագահության գերակայություններից է համարում ատելության դեմ պայքարը։

Մեր գործընկեր  Ռոջեր Գեյլն իր այս զեկույցում շատ կարեւոր արձանագրում է անում, որ պետք է երեխաներին զերծ պահել բռնության քարոզից։ Մի քանի տարի է ես դիմում եմ միջազգային տարբեր ատյաններ, այդ թվում նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ուղարկելով հատվածներ ադրբեջանական դասագրքերից, ուր հակահայությունը հիմնական հենքն է, եւ զրո արձագանք։

Հարգելի գործընկերներ, մեր հիմնական գործը ոչ թե տարվա մեջ մի քանի անգամ հավաքվելն ու խոսելը պետք է լինի, այլ  կոնկրետ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալը։ Որպեսզի, այստեղ նստած ադրբեջանական պատվիրակության ղեկավարն իրեն իրավունք չվերապահի հայտարարելու, թե ԵԽ-ն կորցնում է իր ազդեցությունը եւ կարող է անհետանալ Եվրոպայի քաղաքական բեմից։  

Նախորդ հոդվածը‘Պուտինը ԴԽ-ին առաջարկել է փոխել Ուկրաինայում ԶՈւ օգտագործման որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Բախում Աֆրիկյանների շենքի մոտ. (Ամբողջական տեսանյութ)’