‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն կոնկրետ ամբիցիա չի ցուցաբերել, մենք ընդամենը շատ իրատես ներկայացրել ենք փաստերը’

1336

«Բարգավաճ Հայաստանը» կոնկրետ ամբիցիա չի ցուցաբերել, մենք ընդամենը շատ իրատես ներկայացրել ենք փաստերը, իրողությունը և շատ ազատ, բաց և անկեղծ զրուցել ենք մեր գործընկերների հետ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությանը:

Նշենք, որ Ռուստամյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, խոսելով ոչ իշխանական կուսակցությունների միջև Երևանի ավագանու ընտրություններից առաջ միասնական դաշինք ստեղծելու շուրջ տարվող կոնսուլտացիաների մասին՝ հայտարարել է, թե «նորից ամբիցիաները գերակա դարձան», թեև  իրենք նվազագույնի են հասցրել իրենց հավակնությունները:

«Ես ծանոթ եմ Արմեն Ռուստամյանի այդ հայտարարությանը, ես չեմ կարծում, որ այդտեղ պիտի մեղավորներ փնտրել, թե ինչու չկայացավ կոնսենսուսը, միասնական դաշինքը: Մենք փոխանցել ենք մեր պատկերացումները, թե ինչպես ենք տեսնում հնարավոր միասնական դաշինքը: Այդտեղ ոչ մի ամբիցիա չի եղել, այլ եղել է պարզ իրատեսություն, հստակ փաստերի և իրողությունների արձանագրում: Այո՛, ես ևս ցավում եմ, որ հնարավոր չեղավ միասնական դաշինքը կայացնելը, բայց չեմ կարծում, թե հիմա տեղին է, որ մենք մեղավորներ փնտրենք՝ ո՞վ էր մեղավոր, ինչո՞ւ չկայացավ և այլն»,- նշեց Զոհրաբյանը:

Նրա կարծիքով՝  պետք է աշխատել հետընտրական դաշինք ձևավորելու ուղղությամբ: Զոհրաբյանի խոսքով՝ իրենք բաց են քննարկումների ու հետընտրական դաշինք ձևավորելու համար բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ տեսնում են առանցքային, ռազմավարական հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ: Մեր հարցին, թե արդյոք ոչ իշխանական ուժերին կհաջողվի՞ միավորվել այն դեպքում, երբ դա չհաջողվեց Երևանի ավագանու ընտրություններից առաջ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.

«Ընտրություններից հետո բացարձակապես նոր իրողություն է ստեղծվելու, արդեն խաղի բացարձակապես այլ կանոն է գործելու: Ոչ իշխանական ուժերը, միավորվելով, կարող են ստանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնը: Կարծում եմ՝ բացարձակապես այլ հարթության վրա է տեղափոխվելու խնդիրը, և այստեղ շատ ավելի ռեալ եմ տեսնում համագործակցության, կոնսենսուսի հնարավորությունը, քան նախընտրական դաշինքի դեպքում»:

Նախորդ հոդվածը‘Երիտօլիգարխիայի վկաները’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետն այցելել է Ֆրանսիա’