‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն չի մասնակցի քառօրյայի մյուս նիստերին ‘

697

«Առավոտից լսում ենք միջնորդությունը մեր գործընկերոջը պատգամավորական «իմունիտետից» զրկելու վերաբերյալ: Լսեցի շատ սրտաճմլիկ պատմություններ, կեցցե մեր իրավապահ համակարգը, եռանդ ու ջանք չի խնայում պաշտպանելու Հանթսմանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի շահերը: Մենք հասկացանք, որ գլխավոր դատախազը խիստ հանձնառու է նրանց շահերը պաշտպանելու: Հուսով ենք, որ նրանք շնորհակալական ուղերձ կուղարկեն իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է միջնորդությանը, ապա ԲՀԿ խմբակցության կողմից ոչ մի հարց չհնչեց գլխավոր դատախազին: Մեր կարծիքով՝ միջնորդությունը ոչ մի իրավաբանական հիմնավորում չունի, պարզ է, որ իր մեջ պարունակում է բացառապես քաղաքական կոմպոնենտ՝ ուղղված ոչ միայն ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, այլ նաև ԲՀԿ կուսակցությանը»,- այսօր ԱԺ-ում ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ միջնորդությունը քաղաքական պատվեր է ԲՀԿ-ի դեմ, որի մասին կտեղեկացնեն միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին և ԵԽԽՎ-ին:

«Կրկնում եմ, ԲՀԿ-ի հետ ոչ ոք չի կարող իրեն իրավունք վերապահել խոսել քաղաքական պատվերի ու հաշվեհարդարի լեզվով, կարՃ ասած՝ մեր խմբակցությունը քննարկումից հետո չի մասնակցելու այս քառօրյայի մնացած որևէ քննարկման, իսկ մեր պատգամավորների ելույթներից հետո մենք կլքենք նիստերի դահլիճը: Մեր մասնակցությունը ԱԺ-ի հետագա աշխատանքներին կքննարկենք այնուհետ»,- վրդովված ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ իրենց կողմից դահլիճի լքումը չի նշանակում, որ քվեարկությունը չպետք է վերահսկվի:

««Կենտրոն» հը-ի տեսախցիկները նկարահանելու են քվեարկությունը, ձեզ չի հաջողվի մանիպուլիացիաների դիմել»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով քվեարկությանը չմասնակցել բոլոր այն պատգամավորներին, ովքեր դեմ են այս միջնորդությանը:

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան՝ Օսկանյանին. Արդյո՞ք կոռուպցիան, որի մասին խոսում եք, հենց սա չէ ‘
Հաջորդ հոդվածը’12 հազար ուկրաինացի համաշխարհային ռեկորդ են սահմանել’