‘
Հայաստանը եվրոպացի իր գործընկերների հետ միասին պետք է համագործակցության օպտիմալ ձև գտնի, ինչը չի հակասի Մաքսային միության նորմերին: Այդ մասին «Արևելյան գործընկերության 4 տարի. ձեռքբերումներ և մարտահրավերներ» խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ինձ համար դեռևս մշուշոտ է ԵՄ հետ հետագա համագործակցությունը, ակնհայտ է, որ դրանք կլինեն այնպիսի ոլորտներ, ինչպես`օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը: Բայց հիմա համագործակցության նոր վեկտորի ձևավորման անհրաժեշտություն կա»,- նշել է պատգամավորը:
Զոհրաբյանը նաև մատնանշել է Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու դեպքում Հայաստանի ձեռքբերելիք օգուտների առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվության բացակայությունը: «Մինչ հիմա ես`որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, չեմ տեսել Ասոցացման համաձայնագրի տեքստը, և դա մեծ բացթողում է: Եթե, ինչպես պնդում են որոշ քաղաքական գործիչներ, դրանում կան Լեռնային Ղարաբաղի և մեր երկրի համար վտանգ ներկայացնող կետեր, 4 տարի շարունակ ինչո՞ւ են բանակցություններ տարվել ԵՄ հետ»,- ասել է նա:
‘