‘Նաիրա Զոհրաբյան. Իշխանությունները պետք է հեռանան (տեսանյութ)’

2489

Այսօր ամբիոնում կանգնած են երեք քաղաքական ուժեր, որոնք տարբեր ժամանակներում տարբեր հարցերի շուրջ ունեցել են տարակարծություններ, բայց այսօր մենք միասնական ենք մեկ հարցի շուրջ՝ այս իշխանությունները երկիրը տարել են կործանման, այս իշխանությունները երկիրը հասցրել են փակուղի, և այս իշխանությունները պետք է հեռանան: Այս մասին Վանաձորում մեկնարկած ոչ իշխանական երեք ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Անգամ մեր թշնամիներն են ասում՝ արդյո՞ք սա չէ ձեր իշխանությունը, որը ամեն ինչ անում է, որ ձեր երկրի ժողովուրդը արտագաղթի: Հայ ժողովուրդը պատմության մեջ մնալու է որպես տոկոսի տակ մնացած ժողովուրդ: Միայն թշնամին կարող է սեփական ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես վարվում է այս իշխանությունը, միայն թշնամին կարող է ժողովրդին ինքնասպանության հասնող տոկոսների տակ դնել այնպես, որ մարդը, իր ողջ ունեցվածը թողնելով, կա՛մ արտագաղթի, կա՛մ էլ ինքնասպանություն գործի:

Այս ամենից հետո կարելի՞ է հավատալ այս իշխանությանը, կարելի՞ է մտածել, որ նման իշխանությունը կարող է դրական քայլ անել ժողովրդի համար՝ ո՛չ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Սահմանադրությունը ոտնահարող իշխանությունը որևէ բարոյական իրավունք չունի մտածելու սահմանադրական փոփոխությունների մասին: «Մեր երկրի խնդիրը անկատար սահմանադրությունը չէ, այլ անկատար իշխանությունը, որը մտածում է սահմանադրական փոփոխությունների միջոցով շարունակել իր ազգակործան քաղաքականությունը: Այս գործող Սահմանադրությամբ էլ մենք կարող ենք ունենալ արդար երկիր այն դեպքում, եթե ունենանք արդար իշխանություն, իսկ արդար իշխանություն կարող ենք ունենալ միայն ձեր աջակցությամբ: Ամեն մեկս պետք է պայքարենք մեր իրավունքերի համար, և մեր գործը կլինի հաղթական: Մենք կկառուցենք մի երկիր, որտեղից մարդիկ ոչ թե կարտագաղթեն, այլ կվերադառնան»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին:

«Մենք ունենք ձեր աջակցության կարիքը: Ես հասկանում եմ, որ բազմաթիվ անգամներ դուք հիասթափություն եք ապրել, մենք հասկանում ենք, թե ինչ վարչախմբի հետ գործ ունենք, և հասկանում ենք, որ մեր գործը դժվար է լինելու, բայց մենք միասին կարող ենք հաղթել: Մենք երբեք ձեզ հուսախաբ չենք անի, մենք կանգնած ենք ձեր թիկունքին և կարող ենք հաղթել միայն ձեր վստահությամբ: Հոկտեմբերի 10-ին մենք սկսելու ենք մեր հաղթարշավը»,- հավելեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Նախորդ հոդվածը‘Վ.Վարդապետյան. Այսօր բացառիկ հնարավորություն է տրված՝ պայքարելու, խանդավառվելու ու հաղթելու’
Հաջորդ հոդվածը‘Միքայել Մելքումյան. Երկրում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք’