‘Նաիրա Զոհրաբյան. Ծիծաղելի է անհանդուրժողականության դեմ պայքարի կոչեր լսել ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակներից’

949

Ծիծաղելի է, երբ ադրբեջանցի պաշտոնյաների ռազմաշունչ հայտարարություններից հետո այդ երկրի պատվիրակները ԵԽԽՎ ամբիոնից հայտարարում են անհանդուրժողականության և ատելության դեմ պայքար ծավալելու անհրաժեշտության մասին: Հունիսի 27-ին ԵԽԽՎ  ամառային նստաշրջանում իր ելույթում այդ մասին հայտարարել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, տարօրինակ է նման հայտարարություններ լսել մի երկրի ներկայացուցիչներից, որի օմբուդսմենը հայտարարում է, թե քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը հերոս է, որին  պետք է ընդօրինակեն բոլորը, երբ այդ երկրում հարգանք վայելող քաղաքական գործիչները հայտարարում են, թե հայերին հարկավոր է սպանել Արցախում, այլ ոչ թե մեկ այլ երկրում, երբ ԱՀ նախագահի յուրաքանչյուր ելույթ ռազմատենչ կոչ է, երբ 12-ամյա ադրբեջանուհին հայտարարում է, որ ցանկանում է դառնալ դիպուկահար, որպեսզի հայերին սպանի: Ընդ որում՝ Զոհրաբյանը նշել է, որ ԵԽԽՎ պետք է հետևողական լինի որոշակի խնդիրների նկատմամբ, գտնի դրանց լուծումները, որպեսզի Ադրդբեջանի պատվիրակությունն առիթ չունենա ասելու, որ այդ կառույցը կորցնում է իր ազդեցությունը  և կարող է անհետանալ Եվրոպայի քաղաքական ասպարեզից: Իր ելույթում այդպիսի կարծիք էր հայտնել ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ֆուտբոլի մասին՝ ենթատեքստով’
Հաջորդ հոդվածը‘Քաշքշուկ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ. Տեսանյութ’