‘Նաիրա Զոհրաբյան. ՀԱԿ-ի առաջարկը քննարկելի է, ինչո՞ւ չէ՝ կարող է ընդունելի լինել ‘

852

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դեռ չի հասցրել ծանոթանալ Հայ ազգային կոնգրեսի՝ Ազգային ժողով ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել ընտրական եւ քրեական օրենսգրքերում, ինչպես նաեւ՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում: iLur.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե միայն տեղյակ է, որ կետերից մեկը վերաբերում է մատների թանաքոտմանը:

«Դա քննարկելի տարբերակ է: Մեկ բան ակնհայտ է. այնպիսի արատավոր ընտրական ավանդույթներ և մեխանիզմներ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, լրջագույն վերահսկողական մեխանիզմ պետք է լինի: Դա կլինեն դրոշմակնիքները, որոնք ուղղակիորեն չգործեցին, թե կլինի մատների թանաքոտումը, ինչն առաջարկում են ՀԱԿ մեր գործընկերները, քննարկելի է, ինչո՞ւ չէ՝ կարող է ընդունելի լինել»,- ասաց Զոհրաբյանը:

Հարցին, թե կարելի՞ է սրանից հետևություն անել, որ ԲՀԿ-ն կմիանա այս նախաձեռնությանը, Նաիրա Զոհրաբյանն պատասխանեց, որ պետք է քննարկեն,  ԲՀԿ-ի դիրքորոշումն այն է, որ ավելի օպտիմալ տարբերակ է անձնագրերում դրոշմակնիքներ դնելը, բայց պետք է այնպես անել, որ դա աշխատի:

«Եթե տեսնենք, որ չենք կարողանում ճիշտ մեխանիզմներ գտնել, որպեսզի այդ դրոշմակնիքներն աշխատեն, ապա, այո, ընդունելի տարբերակ կարող է լինել մատների թանաքոտումը»,- նշեց Զոհրաբյանը:

ՀԱԿ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթում, մասնավորապես, նշված է. «Բազմակի քվեարկությունը կանխող միակ գործուն միջոցը կարող է լինել մի շարք երկրներում հաջողությամբ կիրառվող՝ ընտրողի մատին կայուն հետք թողնելու եղանակը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք անցում կատարել այդ տարբերակին»:

Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունը հոկտեմբերի 22-ից մասնակցելու է ԱԺ նիստերին, քանի որ, ինչպես նշեց խմբակցության քարտուղարը, ԱԺ ամբիոնը շատ կարևոր է, և իրենց բոյկոտը վերաբերում էր գլխավոր դատախազի միջնորդության ֆարսին:

Նախորդ հոդվածը‘Զանգվածային անկարգություններ Եգիպտոսում ‘
Հաջորդ հոդվածը‘«Մեծ Սաղավարտի» մրցաշար, 9-րդ տուր. Կարուանա – Արոնյան՝ ուղիղ’