‘Նաիրա Զոհրաբյան. Հերթական անարդարությունն ավելացնելու է Ազատության հրապարակում հավաքվողների թիվը’

1506

եթե այդքան մարդ դուրս է գալիս փողոց և ձևակերպում է իր հստակ պահանջները, ապա ես ուղղակի չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր փորձում են ծաղրել քաղաքացու իրավունքը։ Այդ մասին Tert.am-ին տրված հարցազրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Այո, այսօր մեր երկրի թիվ մեկ խնդիրը անարդարությունն է։ Անարդարություն՝ ընտրական համակարգում, անարդարություն՝ տնտեսության, քաղաքականության մեջ, սոցիալական անարդարություն, որը ուղղակիորեն ճզմում է քաղաքացուն և արտագաղթի թիվ մեկ պատճառներից է։ Եվ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտելու այն կերպ, ինչ կերպ ինքն է ցանկանում։ Եթե Վանաձորի քաղաքապետը քաղաքացուն անվանում է «անգիտակից» և շարունակում է պաշտոնավարել, ապա այդ հերթական անարդարությունն ավելացնելու է Ազատության հրապարակում հավաքվողների թիվը։ Եթե կառավարությունը, այդ մասին արդեն ասել եմ, 340 հազար դոլարով երկու զուգարան է գնում այն ժամանակ, երբ մեր երկրի թիվ մեկ պրոբլեմը հաստատ զուգարանը չէ, ու որևէ մեկը դրա համար հրապարակային պատասխանատվության չի ենթարկվում, դա միայն մեծացնում է այն մարդկանց թիվը, ովքեր արդարություն են պահանջում։ Եթե երկրի միջին խավը ձևավորող տաքսիստներին, հաշվապահներին, ստոմատոլոգներին անընդհատ փորձում են տարբեր օրենսդրական մանիպուլյացիաներով թալանել, դա միայն ավելացնելու է այն մարդկանց թիվը, ովքեր սոցիալական արդարություն են պահանջելու։ Եթե մենք անընդհատ բախվում ենք ընտրական նույն ավանդույթին, որի ավարտին մեղավորը միայն մի քանի «արջի ծառայություն» մատուցողներն են դուրս գալիս, որոնց հանդեպ, հանուն ԵԱՀԿ-ի ու մի քանի միջազգային այլ կառույցների, հրապարակային դատեր են կազմակերպում, դրա հետևանքը լինելու է այն, որ մեր քաղաքացին իր երկրից քշելու է նաև նույն այդ դիտորդներին, և իրավունք է ունենալու հայտարարել, որ դիտորդն էլ կոնկրետ գին ունի՝ դոլարի ինֆլյացիային համարժեք։ Այնպես որ, մեկ բան հստակ է՝ եթե երկրում չարվեն և խիստ հրատապ, լրջագույն բարեփոխումներ, ապա փակուղին այլևս անխուսափելի է լինելու», — ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն չի համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայների մեծամասնությունը իրականում պատկանում է ընդդիմադիր այլ կուսակցությունների, ԲՀԿ պատգամավորն ասել է, որ այս պահին բացարձակապես էական չէ, թե ի՞նչ գործոնների ազդեցության տակ է այդքան մարդ ձայն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին։ «Ես պիտի կրկնեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրը չեմ եղել ու նրա խորհրդարանական թիմի աշխատաոճն ինձ համար հաճախ ընդունելի չէ։ Սակայն, ես և ԲՀԿ որևէ անդամ երբեք թույլ չենք տա վիրավորել այն քաղաքացուն, ով իր ձայն տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ որևէ մեկ այլ թեկնածուի։ Դա քաղաքացու ընտրությունն է և պետք է հարգել այդ ընտրությունը։ Իսկ այն մարդիկ, ովքեր մամուլի ակումբներում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում, ըստ էության վիրավորում են ժողովրդին, նրանք չեն հասկանում, որ դրանով իրենց քաղաքական ուժի հանդեպ հանրային ագրեսիան ավելի է մեծանում։ Իսկ եթե հասկանում են և միտումնավոր են անում՝ դա արդեն խոսակցության բոլորովին այլ թեմա է։ Ի դեպ, ես չեմ բացառում հենց դիտավորության տարբերակը։ Բայց հիմա չհարցնեք, թե ինչո՞ւ։ Մի այլ առիթով կասեմ», — ասել է տիկին Զոհրաբյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղարը նաև պատասխանել է, թե ինչու՞ մինչ այս պահը իրենց կուսակցությունն անցած նախագահական ընտրությոնների վերաբերյալ որևէ գնահատական չի հնչեցրել: «Կուսակցությունը դեռ վերլուծելու, որոշ հարցերի պատասխանը ստանալու խնդիր ունի։ Համանայնդեպս, թե՛ ես և թե՛ իմ մի քանի գործընկերներ ընտրություններից անմիջապես հետո ասել ենք, որ մեր ընտրական համակարգը լրջագույն ռեֆորմների կարիք ունի՝ սկսած քաղաքացու՝ իր քվեի հանդեպ հարգանքից, մինչև ընտրական բոլոր աստիճանները։ Եթե դրանք չարվեն, այն էլ՝ շատ արագ, երկիրը լրջագույն խնդիրներ է ունենալու», — նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Վերջապես հասկացա, թե ինչու ոտքերս չեն տանում Հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի հայտարարությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ’