‘
iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը
— Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարել է էլեկտրաէներգիայի սակագները մոտ 4 դրամով թանկացնելու նախաձեռնության մասին: Ինչպե՞ս կգնահատեիք այդ որոշումը:
— ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ, երբ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն օրենքի նախագիծ էր ներկայացնում, ես նրան հարց ուղղեցի՝ ակնկալելով կոնկրետ պատասխան՝ այո կամ ոչ. «Համառորեն լուրեր են շրջանառվում , որ 1 ԿՎտ ժամի դիմաց այժմ սահմանված 38 դրամ էլեկտրաէներգիայի վճարը թանկանալու է եւ դառնալու է 45 դրամ: Ուզում եմ ստանալ ձեր հստակ եւ կոնկրետ պատասխանը՝ որքանո՞վ են հավաստի տարբեր աղբյուրներից շրջանառվող այս տեղեկությունները»: Էներգետիկայի փոխնախարարն ասաց, որ իմ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, որեւէ նմանատիպ քննարկում չի կատարվում, եւ էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանալու: Այսօր կանգնում ենք կատարված փաստի առաջ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ներկայացրել է էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու հայտ: Դրանից կարելի է անել երկու լրջագույն հետեւություն. կառավարության՝ այս ոլորտի պատասխանատուն կա՛մ դիլետանտ է ու ոչ պրոֆեսիոնալ, կա՛մ նա ուղղակի տեղյակ չէ իր ոլորտում հնարավոր սպասումներին ու կանխատեսումներին: Եվ երկրորդ՝ այս պատմությունը դեժավյու առաջացրեց ինձ մոտ, ու ես հիշեցի գազի էպոպեան, երբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարարը հնարավոր բոլոր ամբիոններից բոլոր սրբություններով երդվում էր ու վստահեցնում, որ գազի գինը չի բարձրանա: Բայց պարզվեց՝ գազի գինը բարձրացել է, այն էլ՝ տարիներ առաջ, եւ այդ ամենի արդյունքում ՀՀ-ն 300 մլն դոլարի պարտք է շալակել:
Ես պատրաստվում եմ առաջիկա քառօրյայի ժամանակ այս հարցը խորհրդարանում բարձրացնել. կառավարությունը պարտավոր է բացատրություններ տալ այս ամենի համար:
— ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման այս նախաձեռնությունը մեկնաբանել են, թե իրենց հաշվարկներով՝ այսօր անհրաժեշտ է մոտ 20 մլն լրացուցիչ գումար՝ հուսալի եւ անվտանգ էլեկտրաէներգիա ապահովելու համար:
— Մենք լրջագույն մասնագետների հետ արդեն քննարկել ենք այդ հարցը, եւ պետք է փաստեմ, որ այդ հաշվարկները բացարձակապես որեւէ առնչություն չունեն իրականության հետ: Եվ երկրորդ՝ եթե նման հաշվարկներ կային, այս ոլորտի պատասխանատու փոխնախարարը պարտավոր էր առնվազն տեղյակ լինել նման հնարավոր զարգացումների, սպասումների մասին, մանավանդ որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պնդում է՝ իրենք երկու ամիս շարունակ ուսումնասիրություններ են արել: Իսկ սա խոսում է կամ դիլետանտիզմի ու ոչ պրոֆեսիոնալիզմի, կամ էլ ոլորտի պատասխանատուների անտեղյակության մասին:
— Միգուցե վախեցել են ժողովրդի հնարավոր դժգոհությունից, դրա համար էլ ԱԺ-ում այդ մասին չեն ցանկացել խոսել:
— Երկրում այնպիսի լրջագույն խնդիրներ են կուտակված, որ այդ խնդիրների մասին լռելը որեւէ մեկի վիճակը չի թեթեւացնում: Այդ խնդիրների մասին չբարձրաձայնելը ո՛չ իրենց հանդեպ վստահությունն է մեծացնում, ո՛չ էլ ժամանակ ձգելով ու պարտակելով՝ հնարավոր է խնդիրները թաղել:
— Տնտեսագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ էլեկտրաէներգիայի սակագների աճը իր հետեւից կբերի մի շարք ապրանքատեսակների գների շղթայական աճի: Ի՞նչ անել այդ դեպքում:
— Այո, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դոմինոյի էֆեկտով բերելու է բազմաթիվ, այդ թվում՝ առաջնային անհրաժեշտության ապրանքատեսակների գնաճի: Իսկ դա մեկ բան է նշանակում՝ հերթական անգամ թիկունքից հարվածել սեփական ժողովրդին:
— Եւ ի՞նչ պետք է անել:
— Ես վստահ եմ, որ Քառյակն առաջիկայում, ի թիվս այլ խնդիրների, կանդրադառնա նաեւ այդ հարցին: Մենք դիմելու ենք նաեւ խորհրդարանի ղեկավարությանը՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցով լսումներ կազմակերպելու համար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
‘