‘
«Առավոտի» հարցազրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ:
— Մամուլում վերլուծություններ են հնչում, որ ԲՀԿ քաղաքական թևը շոկի մեջ է Գագիկ Ծառուկյանի որոշումից, անգամ տեսակետներ կան, որ հնարավոր է, օրինակ, Վարդան Օսկանյանը մանդատը վայր դնի և դուրս գա կուսակցությունից:
— Պատասխանեմ կարճ՝ Գագիկ Ծառուկյանը կայացրել է որոշում՝ չառաջադրել իր թեկնածությունը այս նախագահական ընտրություններում, և մենք հարգում ենք Ծառուկյանի այդ որոշումը: Կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, և դրան ավելացնելու ոչինչ ես չունեմ: Որևէ մեկը շոկի մեջ չէ, որևէ մեկը մանդատը վայր չի դնելու, որևէ մեկը կուսակցությունը չի լքելու: Պետք չէ իրականության հետ որևէ աղերս չունեցող լեգենդներ հորինել, դրանք ընդունել որպես իրականություն և սկսել այդ լեգենդների վրա տարբեր վերլուծություններ կառուցել:
— Բայց Դուք ԲՀԿ այն անդամներից էիք, որ հայտարարում էիք, թե ԲՀԿ—ն ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը:
— Այո, ես ներկայացրել եմ իմ անձնական տեսակետը, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցի սեփական թեկնածուով, և ինձ համար այդ թեկնածուն, այո, բացառապես Գագիկ Ծառուկյանն էր: Բայց, կրկնում եմ, ես հարգում եմ մեր կուսակցության առաջնորդի որոշումը՝ համարելով այն արժանապատիվ որոշում:
— Տեսակետ կա նաև, որ այս որոշմամբ կուսակցության և անձամբ Ծառուկյանի վարկանիշը անկում ապրեց, համենայնդեպս՝ տարբեր քաղաքական վերլուծաբաններ այդ կարծիքին են:
— Նախ՝ ես կուզենայի որևէ մեկը մատնացույց աներ որևէ մի հայտարարություն, որտեղ Ծառուկյանն ասած լինի, թե ինքը անպայմանորեն առաջադրվելու է: Չկա և չի եղել նման բան: Եղել են մեր կուսակցության տարբեր անդամների, այդ թվում նաև իմ կարծիքները, բայց, կրկնում եմ, մենք հարգում ենք Գագիկ Ծառուկյանի անհատական որոշումը, որը նա կայացրել է, վստահեցնում եմ ձեզ, բավականին լուրջ վերլուծությունների արղյունքում:
‘