‘Նաիրա Զոհրաբյան. Պետք է պատասխանատվություն կրեն իրական գանձագողերը’

1104

Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Զաքարյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ խմբակցության պատգամավորները նրան են ուղղել իրենց հուզող մի շարք հարցեր:

«Մեզ հետաքրքիր էր, թե ինչ նոր մոտեցումներ կներկայացնի Վերահսկիչ պալատի՝ այս պահին դեռ թեկնածուն, ԱԺ-ում ընտրվելու դեպքում ինչ նոր գործիքներ կկիրառի՝ կապված բյուջեի վերահսկողության հետ: Մեր պատգամավորները շատ ակտիվ հարցադրումներ հնչեցրին: Պալատի թիվ մեկ գործը բյուջեի վերահսկողությունն է և օրինախախտումները հայտնաբերելը, բայց մենք անցած տարիների փորձով գիտենք, որ միշտ պատժվում են մանր ձկները, կատարողները, իսկ հիմնական պատասխանատուները միշտ չոր են դուրս գալիս ջրից»,- ասաց նա:

Զոհրաբյանը նշել է, որ քաջ գիտակցում է՝ դա Վերահսկիչ պալատի գործառույթը չէ, քանի դեռ իշխանության ահա այսպիսի համակարգ, բուրգ գոյություն ունի, բոլոր կառույցները, անկախ նրանից, որքանով են Սահմանադրությամբ «դե յուրե» անկախ, այդուհանդերձ, կառավարելի են:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշել է, որ հասկանում է՝ մենք երբեք չենք ունենալու այն անկախ կառույցները, քանի դեռ համակարգային այս կարևորագույն խնդիրները լուծված չեն: «Այո, մեզ համար շատ կարևոր է այն աշխատանքը, որ կատարվում է, բյուջեի վերահսկողությունը, բայց մեզ համար նաև գերակա է, որ բացահայտելիս, ԱԺ ամբիոնում հնչեցնելիս, թե որ ոլորտում ինչքան գանձագողություն է եղել, պատասխանատվություն կրեն իրական գանձագողերը, ոչ թե մի քանի կլաս, մի քանի աստիճան ցածր կատարողները, սա է խնդիրը»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ մինչև քվեարկությունը խմբակցությունն անպայմանորեն ևս մեկ նիստ կհրավիրի:

Նախորդ հոդվածը‘Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորի մահն ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը Փաշինյանին մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու համար’