‘Նաիրա Զոհրաբյան. Վերանայեք ժողովրդին թալանելու խայտառակ այս կարգը’

1141

«Դեռևս երկու շաբաթ առաջ ես բարձրացրել եմ այս հարցը և շարունակում եմ պահանջել` որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր ինձ ցույց տալ իրավական այդ հիմքը, համաձայն որի ինչ-որ մի ՍՊԸ-ի իրավունք է վերապահված ստանալ վարորդի անձնական տվյալները` անկախ նրանից, թե ո՞վ է կանգնած այդ ՍՊԸ-ի հետևում: Չկա նման իրավական հիմք, սա ուղղակի խայտառակություն է»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է օրինական ինչ-որ ՍՊ ընկերության տրամադրել ՀՀ քաղաքացի-վարորդների անձնական տվյալները, նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Օրինակ, ես ուզում եմ հարց տամ` ի՞նչ ծառայություն է մատուցելու վարորդին «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը, երբ վարորդը կայանի այդ կարմիր գծանշումներով տեղերում` արդյո՞ք հսկելու է մեքենայի անվտանգությունը: Բնական է` ոչ: Այսինքն ստացվում է, որ ինչ-որ մեկը եկել քաղաքում կարմիր գծեր է քաշել ու դրա դիմաց ուզում է հարստանալ… Ամոթ է, բավական է կեղեքեն այս ժողովրդին»,- նշեց պատգամավորը ու կանխատեսեց, որ սա մեծ աղմուկ է բարձրացնելու, այդ իսկ պատճառով հորդորեց սթափվել և քանի ուշ չէ ուշքի գալ ու վերանայել այս խայտառակ կարգը. «Վերանայեք ժողովրդին թալանելու խայտառակ այս կարգը»:

Երկրորդ հարցը իրազեկման հետ է կապված ու նաև այն խնդրի, որ անգամ բանկերում չգիտեն, թե ինչի՞ համար պետք է քաղաքացիներից վճարումներ ընդունեն.

«Ես ահազանգ եմ ստացել, որ բազմաթիվ օրինապաշտ քաղաքացիներ նախօրեին բանկերի միջոցով փորձել են վճարում կատարել կարմիր գծանշումով վայրերում կայանելու դիմաց: Սակայն բանկերում տեղեկացված չեն, թե ինչ ծառայություն է և կամ ինչ հաշվեհամարով պետք է գանձի այդ ծառայության դիմաց գումար: Այսինքն, բացի այն, որ մեր քաղաքացիների մեծ մասը իրազեկված չեն այս նոր ու «քաղաքակիրթ» կարգից, նաև բանկերը իրազեկված չեն: Ես կրկնում եմ, մեծ աղմուկ է բարձացվելու, թող սթափվեն քանի ուշ չէ»,- ասաց ԲՀԿ-ական գործիչը` հավելելով, որ առանց որևէ իրավական հիմքի քաղաքացիներից գումար գանձելը բացահայտ անօրինականություն է:

Նախորդ հոդվածը‘Շիմոն Պերես. Մերձավոր Արևելքում խաղաղության հնարավորությունները մեծացել են’
Հաջորդ հոդվածը‘Ժամանակն է՝ Երևանի հետիոտներից փողոցների մայթերով քայլելու հարկ գանձել’