‘«Նաիրիտ»՝ համակարգաստեղծ կառույց և հանրապետության արդյունաբերության վերջին մոհիկանը’

2612

Ինչպես հայտնի է, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, արդեն տևական ժամանակ է` պայքարում են իրենց աշխատավարձերի պարտքը մարելու համար: Առաջիկայում գործարանում սպասվում են նաև մեծ թվով կրճատումներ: Նաիրիտցիների՝ միջին հաշվով 18 ամսվա պարտքի պահանջը, և այդ գումարները չվճարելու՝ կառավարության համառությունն ու «անզորությունը», ցույց են տալիս խնդրի ընդամենը մի՝ թեև շատ կարևոր մասը: «Նաիրիտի» խնդրի՝ առայժմ քիչ տեսանելի մասը թաքնվում է մոտ ապագայում քիմիական արտադրության հսկայի անվերադարձ կորստի վտանգի մեջ:
«Նաիրիտ» արհեստական կաուչուկ արտադրող գործարանը Երևանում հիմնվել է 1940 թվականին և նախկին ԽՍՀՄ երկրների ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք։ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։
Այսօր գործարանն ունի ունիկալ սարքավորումներ՝ գերմանական, անգլիական, ճապոնական, նաև սովետական, որոնց վերագործարկման, շահագործման համար համապատասխան որակավորում է պահանջվում: Եվ ահա, այսօր այդպիսի փորձ և որակավորում ունեցող անձնակազմը կրճատում են: Կրճատման վտանգի առջև կանգնած մասնագետների անհանգստությունը պայմանավորված չէ միայն իրենց աշխատավարձերի մարման պահանջով: Բոլորին ավելի շատ մտահոգում է այն հարցը, որ եթե հանկարծ որոշ ժամանակ անց, վերաթողարկման հետ կապված, պետք լինի նոր կադրեր հավաքագրել, ապա դրանք չեն լինի: Պատճառը շատ պարզ է. ՀՀ-ում այսօր ինստիտուտները այդպիսի մասնագիտություններ գրեթե չունեն՝ տեխնոլոգիական, ինժեներական: Մյուս կողմից՝  Հայաստանում այլ ձեռնարկություններ էլ չեն մնացել, որտեղ հնարավոր լիներ աշխատել: Պատկերացնել, որ «Նաիրիտի» արտադրության գլխավոր մեխանիկը, գլխավոր էներգետիկը կամ տեխնոլոգը ստիպված են լինելու բանվոր կամ արհեստավոր աշխատել, չափազանց դժվար է, և կասկածից վեր է, որ այս մարդիկ, ամենայն հավանականությամբ, բռնելու են արտագաղթի ճանապարհը:
«Նաիրիտի» քլորոպրենային արտադրության գլխավոր մեխանիկ Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ մասնագիտական անձնակազմի գլխատում է կատարվում:
««Նաիրիտով» վերջնական խաչ է քաշվում Հայաստանի արդյունաբերության վրա: Գյուղատնտեսությամբ և տուրիզմով հնարավոր չէ ազգաբնակչությունը պահել: Պատահական չէ, որ  նախկինում շեշտը դնում էին արդյունաբերության զարգացման վրա, որովհետև Հայաստանի նման աշխարհագրական դիրք ունեցող երկրում միայն արդյունաբերությամբ է հնարավոր մեծաքանակ աշխատատեղեր ապահովել, ըստ այդմ էլ ՝ ժողովրդին պահել»,- նշում է նա:
«Նաիրիտն» ունի կաուչուկի արտադրության երկու տեսակի տեխնոլոգիա ՝ ացետիլենային և բութադիենային: Առաջինը պայթունավտանգ է, և աշխարհում այժմ հիմնական արտադրողները հրաժարվել են ացետիլենային տեխնոլոգիայից, իսկ բութադիենայինը անվտանգ է և ավելի էֆեկտիվ: Հայաստանը առաջիններից էր, որ յուրացրեց այս տեխնոլոգիան: Սակայն վերջին տարիներին գործարանի անարդյունավետ աշխատանքը այդպես էլ թույլ չտվեց զարգացնել բութադիենային տեխնոլոգիայով քլորոպենային կաուչուկի արտադրությունը, ինչի պահանջարկը աշխարհում շատ մեծ է: Քլորոպրենի արտադրության վերջնական արդյունքը  սինթետիկ կաուչուկն է՝ ստրատեգիական արտադրանք, որը ամենապահանջվածն է լեռնահանքային արդյունաբերության, ռազմական արդյունաբերության մեջ: Սովետական Միությունում ռազմական արդյունաբերության մեջ շեշտը դնում էին հայկական սինթետիկ կաուչուկի վրա: Աշխատակիցներից մեկը հիշեցրեց մի պատմություն: Հայրենական պատերազմի ժամանակ Նելսոն Ստեփանյանը գալիս է «Նաիրիտ»՝ իր հետ բերելով երկու ավիացիոն անվադողեր, մեկը`Messerschmitt-ի արտադրության (ինքնաթիռների արտադրության ընկերություն Գերմանիայում՝ 1938-1945 և 1956-1968 թթ.), մյուսը՝ սովետական: Այրված ինքնաթիռների անվադողերից գերմանականը ամբողջությամբ վառվել էր, իսկ սովետականը, որ արտադրված էր հայկական կաուչուկից, գրեթե անվնաս էր:
«Նաիրիտի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանի բնորոշմամբ՝ գործարանը սովորական արտադրամաս չէ, որ հենց այնպես փակեն, ու վերջ: ««Նաիրիտը» համակարգաստեղծ կառույց է: Այդ համակարգի շուրջ կարող էր ձևավորվել մի ամբողջ երկրի տնտեսություն»,- նկատում է Անուշ Հարությունյանը: Նրա խոսքով՝ գործարանի արտադրությունը բազմաճյուղ է, և եթե անցած տարիների ընթացքում զարգացնեին դրանցից գոնե մեկը, հիմա պատկերն այլ կլիներ:
«Այսօր խոսվում է քացախաթթվի արտադրության վաճառքի մասին, այնինչ քացախաթթուն շատ թանկարժեք ապրանք է և կարող էր առանձին գործարան լինել,- շարունակում է նա՝ հավելելով: -Կարող էինք քիմիական արտադրություն ունենալ, օրինակ՝ կաուստիկ սոդա, կարբինոլ, ընդ որում՝ վերջինիս 1 կիլոգրամը 20 հազար ամերիկյան դոլարի արժեք ունի, հնարավորություն կար դեղորայք արտադրել, երկրորդային, երրորդային նշանակության քիմիական նյութեր էլ են առաջանում, որոնք նույնպես կարելի էր որպես արտադրանք վաճառել, սպառել»:
Հատկանշական է, որ քլորոպրենային կաուչուկը համաշխարհային շուկայում սպառման խնդիր ընդհանրապես չունի, սակայն, նույնիսկ, եթե ներդրումներ կատարվեին, և նպատակ լիներ սպասարկել ներքին շուկան, ապա, օրինակ՝ ռեզինե-տեխնիկական իրերի արտադրությունը, անկասկած, կյուրացվեր նաև երկրի ներսում:
Գործարանի աշխատակիցների մեծ մասի համոզմամբ՝ «Նաիրիտի» վերագործարկման համար ընդամենը անհրաժեշտ է քաղաքական կամք: Ներդրում անել ցանկացողներ շատ կան, բայց ՀՀ կառավարությունը միշտ խոչընդոտ է հանդիսանում, որովհետև Կառավարության կուտակած պարտքերը, միջպետական բանկերից ստացած վարկերը, բնականաբար, ոչ ոք չի ցանկանում մարել կառավարության փոխարեն: Բոլորը հասկանում եմ, որ այդ գումարները «Նաիրիտ» չեն մտել:
«Մինչ օրս էլ «Նաիրիտն» աշխատունակ գործարան է, քաղաքական կամք է հարկավոր»,- վստահաբար ասում է Սամվել Հովհաննիսյանը՝ հիշեցնելով՝ «Նաիրիտը» Հայաստանի արդյունաբերության վերջին մոհիկանն է:

Սերգո Տոնոյան

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ոտքերն ամպոտ, մեկուսի հրեշտակ, կամ՝ «Իյա՜, իրո՞ք»’
Հաջորդ հոդվածը‘Բորդյուժա. Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ ՀԱՊԿ զինված արձագանքն անհնար է’