‘«Նաիրիտը» վաղը գործադուլ է անելու’

1201

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր «Նաիրիտ» գործարանի ավելի քան 500 աշխատակիցներ բողոքի ցույց էին կազմակերպել նախագահական նստավայրի մոտ:

Գործարանի մամուլի խոսնակ  Անուշ Հարությունյանը նշեց, որ այս  պահին իրենց  միակ  պահանջը աշխատավարձերի վճարումն է:

Գործարանը աշխատակիցներին պարտք է 18 ամսվա աշխատավարձ, որի գումարը  կազմում է մոտավորապես 15 մլն դոլար:  

«Մեկ ամիս առաջ հայտարարել են, որ գումարը մինչև տարեվերջ  կվճարեն, այդ իսկ պատճառով մենք հիմք ունենք մտածելու, որ այդ գումարը կա: Բայց, չգիտես ինչու՝ մեկ ամիս հետո այն «վերացավ»: Այս ամենը զայրացրեց ժողովրդին, հատկապես այն բանից հետո, երբ  հայտարարվեց, որ ամբողջ աշխատակազմին՝ երկու հազար  հարյուր տասնհինգ մարդու, ուղարկում են աշխատանքից ազատելու զեկուցագրեր, և  դեկտեմբերի մեկի դրությամբ նրանք պետք է ազատված լինեն աշխտանքից: Այստեղ հարց է առաջանում՝ ո՞ր օրենսդրական հիմքով են  մարդկանց, առանց վճարելու, աշխատանքից ազատում: Աշխատանքային օրենսգիրքը, համենայն դեպս, այդպիսի հիմք չի տալիս, Սահմանադրությունը՝ առավել ևս»,- նշեց Ա. Հարությունյանը:

Ինչպես հայտնի է, նաիրիտցիները կազմել էին 7 հոգանոց պատվիրակություն՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին իրենց խնդիրը ներկայացնելու նպատակով: Այդ կազմի մեջ էր  նաև Անուշ Հարությունյանը, որին,  ինչպես արդեն նշել ենք,  արգելվել էր մուտք գործել նախագահական, ինչի պատճառը, ըստ Հարությունյանի՝ իր քաղաքական հայացքներն են:

 Բանակացության ընթացքում  նաիրիտցիներին առաջարկվել  է  մինչև դեկտեմբերի տասնհինգը վճարել միայն մեկ ամսվա աշխատավարձ, ապա ազատել աշխատանքից,  ինչին նաիրիտցիները համաձայն չեն:

Բողոքի ակցիային հաջորդել է երթ՝ դեպի Ազատոււթյան հրապարակ, ապա  կրկին ետ՝  դեպի նախագահական նստավայր, որտեղ էլ որոշում է կայացվել վաղը, ժամը տասին,  հավաքվել  Նաիրիտ գործարանի առաջ և գործադուլ անել՝ չմտնել աշխատանքի: 

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Վերահսկիչ պալատը «մոռացել է» պատգամավորներին քննարկումների հրավիրել (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ 17 նահանգների իշխանությունները դիմել են դատարան՝ ընդդեմ Օբամայի’