‘«Նաիրիտի» աշխատողները պահանջում են իրենց աշխատավարձը’

988

«Նաիրիտ» գործարանի մոտ 100 աշխատողներ Երևանում հավաքվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ և սպասում են նախարար Արմեն Մովսիսյանին, որպեսզի նրան ներկայացնեն աշխատավարձի գծով կուտակված պարտքը մարելու իրենց պահանջը:

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, հավաքվածների խոսքերով` գործարանը նրանց հանդեպ ունի աշխատավարձի մեկ տարվա պարտք, ընդ որում՝ եթե նախկինում նրանք ինչ-որ չնչին գումարներ էին ստանում, ապա վերջին երեք ամիսներին ղեկավարությունը ոչ մի լումա չի վճարել: Աշխատողներին կերակրում են միայն խոստումներով, որ «այսօր-վաղը» կմարեն կուտակված պարտքը: «Նաիրիտի» աշխատակիցների երկու երրորդն ընդհանրապես աշխատանքի դուրս չի գալիս, իսկ մնացած մասն աշխատում է բոլորի փոխարեն, սակայն, այսօր նրանք միջոցներ չունեն անգամ տրանսպորտով աշխատավայր գալու:

«Նաիրիտ» գիտահետազոտական միավորումը հանդիսանում էր ԽՍՀՄ-ում քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողը: 2006 թվականին ձեռնարկության բաժնետոմսերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառվեց Rhinoville Property Limited ընկերությանը, իսկ մնացած 10%-ի սեփականատերն է հանդիսանում ՀՀ կառավարությունը: Արտադրությունը գործարանում գրեթե կանգնեցված է, գործում է արտադրական հզորությունների միայն մի փոքր մասը: Կառավարությունն արդեն երկար տարիներ է, ինչ ռազմավարական ներդրողներ է փնտրում «Նաիրիտը» վերականգնելու համար:  

Նախորդ հոդվածը‘Հրաբխային կղզու գոյացման արդյունքում Ճապոնիան հույս ունի ընդլայնել իր տարածքային ջրերը ‘
Հաջորդ հոդվածը‘Մինսկի զուգահեռ խումբը կհավաքվի Ստրասբուրգում’