‘
«Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա աշխատողներն այսօր կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջները նույնն են՝ վճարել վերջին երկու տարիների աշխատավարձերը:
Ինչպես տեղեկացրել ենք, երեքշաբթի նաիրիտցիները Ազգային Ժողովի պատգամավորների հետ հանդիպում են ունեցել, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կազմել են հարցերի եւ պահանջների ցուցակ:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ստեղծվել է «Նաիրիտի» հարցով ենթահանձնաժողով, որի հիմնական խնդիրն է՝ գործարանի վերագործարկման ուղիներ գտնել:
iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ, ցուցակով նաիրիտցիները պահանջում են այս ամսվա ընթացքում վճարել առնվազն մեկ ամսվա աշխատավարձերը, սառեցնել ազատված աշխատակիցների եւ նրանց ընտանիքների՝ բանկերից վերցված վարկերի վճարումները, հետաձգել կոմունալ վարձերի, ինչպես նաեւ՝ աշխատակիցների երեխաների ուսման վարձերի վճարումները՝ մինչեւ աշխատավարձերի պարտքի ամբողջական վճարումը, հիվանդությունների դեպքում՝ ապահովել հրատապ վիրահատություններ պետպատվերի շրջանակներում, կատարել ազատված թոշակառու աշխատակիցների թոշակների վերահաշվարկը վերջին երկու տարվա կտրվածքով:
Նաիրիտցիները պահանջում են նաեւ առնվազն 6 ամսվա կտրվածքով աշխատավարձերի վճարման ժամանակացույց ներկայացնել, ինչպես նաեւ՝ աջակցել նոր աշխատանք գտնելու հարցում:
Ցուցարարները արդեն երթով շարժվում են դեպի Ազգային Ժողով, որտեղ ներկայացված պահանջները մեկական օրինակով հանձնելու են ԱԺ խմբակցություններին ու «Նաիրիտի» հարցով ենթահանձնաժողովին:
‘