‘Նաիրիտցիները մարտի 16-ից հնարավոր է՝ նստացույց սկսեն’

769

Ինչպես հայտնել էինք, Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երթով շարժվել էին դեպի նախագահական նստավայր՝ այնտեղ շարունակելու ցույցը: Ճանապարհին նրանք մի քանի րոպե կանգ են առել Ազգային ժողովի դիմաց՝ «Պարտքի մարում» վանկարկումներով: Նաիրիտցիները «հիշեցին» նաեւ հանրապետական Վարդան Այվազյանին, քանի որ, իրենց խոսքով, Այվազյանը տնտեսությունից չհասկացողների մեջ առավել «արժանավորն է»: 

Այնուհետեւ, մոտ 500 ցուցարար հավաքվեցին նախագահական նստավայրի դիմաց: Նաիրիտցիներից մեկը նշեց, որ վերջին ակցիաների նկատմամբ իշխանությունների անտարբերությունը պայմանավորված է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի երկրից բացակայելու հանգամանքով, քանի որ, ըստ էության, նա իբրեւ թե միայնակ է տիրապետում ողջ գործընթացին:
Ցուցարարները հայտարարեցին նաեւ, որ երկուշաբթի առավոտյան ժամը 07:30-ին հավաքվելու են գործարարնի տարածքում՝ կրկին բողոքի ակցիա անց կացնելու նպատակով:

Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ մարտի 16-ից՝ ի նշան բողոքի, հնարավոր է նստացույց սկսեն՝ պահանջելով շուրջ երկու տարվա չվճարված աշխատավարձերը: 

 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ նոր նախագահ Ն.Զոհրաբյանի ելույթը. ԲՀԿ-ն հայտարարում եմ ընդդիմություն’
Հաջորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքը փակ է’