‘
Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի սոցիալ-հասարակական կյանքի առանցքային իրադարձություններից է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների պայքարը իրենց՝ ամիսներով չվճարված աշխատավարձերի պարտքի մարման համար: Թվում է, թե խնդիրը շատ պարզ է, մասնավորապես, երբ աշխատավարձերի պարտքի գոյության փաստը ոչ ոք չի հերքում, միեւնույն ժամանակ, նաիրիտցիների պահանջն էլ նույնքան պարզ է՝ կատարել վերջնահաշվարկ եւ մարել աշխատավարձի գծով պարտքերը: Դա այն դեպքում, երբ օդում կախված են մնում այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ՝ նախորդ Կառավարության օրոք «գործարանի շահագործումն ապահովելու նպատակով» վերցրած միլիոնավոր դոլարների վարկերի ճակատագիրը, արդյունաբերական նման հսկա կառույցի անփառունակ անկումն ու դրա հետեւանքները, ինչի մասին իշխանությունների՝ առավել գրագետ եւ խելացի ներկայացուցիչները, բնականաբար, լռում են: Նաիրիտցիները կարծես թե հաշտվել են այն մտքի հետ, որ այս իշխանություններին դժվար է, իսկ ավելի ճիշտ՝ անհնար է բացատրել գործարանի փակման արդյունքում երկրի տնտեսությանը հարվածող ծանր հետեւանքների մասին: Ըստ այդմ՝ «Նաիրիտի» խնդիրների օղակը սեղմվել է այն աստիճան, որ Կառավարության պատկերացումով՝ այժմ անհրաժեշտ է ընդամենը վաճառել գործարանի «անպիտան» գույքը, կամ գրավադրված բաժնետոմսերի կառավարության մասնաբաժինը հանել գրավից, եւ ստացված գումարներով մարել այդ պարտքերը ու պրծնել: Դժբախտաբար, ոչ մեկին չի հուզում այն, որ նույնիսկ չաշխատող վիճակում գործարանը անդադար վերահսկողության կարիք ունի՝ այնտեղ տեղի ունեցող քիմիական ռեակցիաների պատճառով: Հարցը հենց այն է, որ աշխատավարձերի մարման խնդիրն էլ, ըստ էության, որեւէ տեղաշարժ չի գրանցում:
Որերորդ անգամն է, ինչ նաիրիտցիները բողոքի ակցիա են կազմակերպում՝ մեկ՝ կառավարության մոտ, մեկ՝ նախագահականի, մեկ՝ նախարարության, եւ մնում են անտեսված: Այսօր նաիրիտցիների հերթական բողոքի օրն էր: Մեկ ժամից ավելի կառավարության շենքի դիմաց նրանք վանկարկեցին՝ «Պարտքի մարում», «Ամոթ», «Վարչապետ, դուրս արի′», եւ ոչինչ:
Այս անգամ նրանք որոշեցին այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ նախապես արձանագրելով, որ ամիսներ շարունակ ընթացող իրենց ակցիաների ժամանակ երբեւէ չեն տեսել վերոհիշյալ կառույցի ներկայացուցիչներին: ՄԻՊ գրասենյակում համաձայնեցին ընդունել նաիրիտցիների 30 աշխատակիցներից կազմած պատվիրակությանը եւ լսել նրանց բողոքները:
Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը ներկայացրեց Օմբուդսմենի լիազորությունները՝ ընդամենը խորհուրդ տալով իրենց հուզող խնդիրների վերաբերյալ դիմում ներկայացնել, որին Օմբուդսմենն իր իրավասությունների շրջանակներում համարժեք կարձագանքի: «Նաիրիտի» նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը հանդիպումից հետո ՄԻՊ գրասենյակի մոտ սպասող աշխատակիցներին տեղեկացրեց, որ դիմումը պատրաստ կլինի մեկ օրվա ընթացքում, կհանձնվի Օմբուդսմենին, եւ իրենք կսպասեն նաեւ այս կառույցի քայլերին, թեեւ ակնկալիքներ առանձնապես չունեն:
«Մեր այն հարցին, թե երբ անօրինական կերպով, առանց վերջնահաշվարկի, տասնյակ ամիսների աշխատավարձերի կուտակված պարտքով, մեզ ազատում են աշխատանքից, արդյո՞ք դա մարդու իրավունքների խախտում չէ, մեզ պատասխանեցին, որ մինչեւ չդիմենք պաշտպանին, նա էլ իր հերթին չդիմի այլ մարմինների, նրանք էլ իրենց հերթին չպատասխանեն…»,- նշեց նա:
Սուլոցներ եւ կրկին վանկարկումներ:




‘