‘
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի իրավաբանական հանձնախումբը երեկ հրապարակել է «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Ներկայացնում ենք մանրամասները, որոնք այսօր հրապարակում է «Չորրորդ իշխանությունը».
Հանձնախումբը նշել է, որ 2006-ից մինչ օրս ընկած ժամանակահտվածում իրականացվել է «Նաիրիտ» գործարանի «անգրագետ» ղեկավարում՝ կանխամտածված վնասարարություն, որի արդյունքում կուտակվել են 100 միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր, սխալ ղեկավարման արդյունքում գործարանում եղել են հրդեհներ ու պայթյուններ, մարդկային զոհեր։
«Նաիրիտ»-ի շուրջ տեղի ունեցած խարդախությունների հիմնական պատասխանատու է համարվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
2006 թվականին «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրականացված առքուվաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի` պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող, անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության, 20.000 ֆունտ ստեռլիգ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) օֆշորային ընկերությանը, որի սեփականատերերի անունները մինչ օրս անհայտ են հանրությանը:
Զեկույցի եզրակացությունում նշված է. ««Նաիրիտի» գործարքի ռուսաստանցի մասնակիցների նկատմամբ ՌԴ Դատախազության կողմից հարուցվել է քրեական գործեր, պետականացվել են նրանց գույքը, սակայն նույն գործարքի հայաստանյան պատասխանատուները մինչ օրս խուսափել են քրեական պատասխանատվությունից, քանի որ զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ: Այս հարցում առանձնանում է Տիգրան Սարգսյանի դերակատարությունը, քանի որ նա հանդես է եկել 2 կողմից`
1. Հայաստանում` որպես Կենտրոնական Բանկի նախագահ. «Նաիրիտ» գործարանի 90 տոկոս բաժնեթղթերը նվիրաբերել է Rhinoville Property Limited օֆշորային ընկերությանը
2. Ռուսաստանում` արդեն որպես Մեժգոսբանկի նախագահ. այդ նույն Rhinoville Property Limited օֆշորային ընկերությանը տվել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ «Նաիրիտ» գործարանի 90 տոկոս բաժնեթղթերի դիմաց:
Եվ այս ամենի պատճառով է, որ «Մեժգոսբանկի» ռուսաստանցի պաշտոնյաները դատապարտվել են, բռնագանձվել է նրանց գույքը, քանի որ նրանք կատարել են Տիգրան Սարգսյանի հրամանները (այդ ժամանակ Տ. Սարգսյանը հանդիսանում էր «Մեժգոսբանկի» նախագահ):
ԵՀՄՖ-ն զգուշացրել է, որ այս զեկույցին պատասխան չստանալու դեպքում կներկայացնի մատնանշված հանցագործությունների շուրջ առավել մանրակրկիտ տեղեկատվություն և վարչակազմից կպահանջի պատասխան: Այնուհետև, բավարար պատասխան չստանալու դեպքում, նշել էինք, որ այս փաստերն արդեն կներկայացվեն միջազգային փորձագետներին և արդարադատության մարմիններին հայցելով օգնություն` ՀՀ-ում պետպաշտոնյաների կողմից կազմակերպված միջազգային մակարդակի կողոպուտների և օֆշորային սկանդալների բացահայտման հարցում:
‘