‘«Նաիրիտ»-ի խոսնակ. Վիճակը մեղմելու միակ ճանապարհը աշխատակիցներին աշխատավարձ վճարելն է’

890

«Մինչեւ փետրվարի 20-ը կառավարությունը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից ժամկետ էր վերցրել՝ մեզ պատասխանելու համար: Այսօր՝ ժամը 11-ից, մենք կրկին հավաքվեցինք կառավարության շենքի դիմաց եւ մեզ ոչ ոք պատասխան չտվեց»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: «Մենք այդպես էլ չհասկացանք, թե արդյո՞ք այդ հարցի պատասխանը լինելու է, թե՞ ոչ: Տոտալ արհամարհանքի պայմաններում մենք որոշեցինք երթով շարժվել դեպի Բաղրամյան 26»,- նշեց նա:

Անուշ Հարությունյանի խոսքով՝ արդեն ակնհայտ է դառնում, որ երկրում որեւէ խնդրի լուծման միակ ճանապարհը Սերժ Սարգսյանին դիմելն է: «Ես հույս ունեմ, որ ողջամտությունը, այնուամենայնիվ, կհաղթի եւ կհասկանան, որ մարդիկ սոցիալապես շատ ծանր վիճակում են գտնվում, իսկ այդ վիճակը մեղմելու միակ ճանապարհը նրանց աշխատավարձ վճարելն է: Եւ, բնականաբար, մենք հասկանում ենք, որ 15 մլն դրամի չափով գումար հենց հիմա ճարել կառավարությունը չի կարող: Հասկանալի է, որ բյուջեն որոշակի կետերով հաստատված է եւ այնտեղից այդ գումարը վերցնել հնարավոր չէ: Դա է պատճառը, որ մենք ընդամենը պահանջում ենք աշխատավարձի վճարման ժամանակացույց: Այսինքն, որպեսզի որոշակի ժամկետ նշեն, եւ ներկայացնեն, թե ինչպես են պատրաստվում այդ գումարները վճարել: Բայց որ այդ գումարները անհրաժեշտ է վճարել, դա փաստ է, քանի որ մարդիկ գտնվում են սարսափելի ծանր վիճակում:

Ըստ էության, նախագահականից նախկինում եկած պատասխանները ոչ հիմնավոր եւ ոչ հաստատուն էին, ինչպես նաեւ ոչինչ չբացահայտող: Իրենք ասում են՝ ձեր գույքի վաճառքի արդյունքում կարող ենք վճարել, իսկ գույքի վաճառքը ենթադրում է երկար պրոցես: Ժողովուրդը չի կարող տարիներով առանց որեւէ եկամտի սպասել»,- ասաց նա՝ հավելելով, որ պատասխան չլինելու դեպքում՝ բողոքի ակցիաները հնարավոր է շարունակվեն ամենօրյա ռեժիմով:  

Նախորդ հոդվածը‘Մովսես Հակոբյան. Ադրբեջանը փորձում է ահաբեկել միջազգային կազմակերպություններին’
Հաջորդ հոդվածը‘Հրմշտոց եւ անկարգություններ Yerevan Mall-ում (տեսանյութեր)’