Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանը բացառել է, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա ռուսական ակումբից, հայտնում է «Спорт-Экспресс»-ը:
«Ես իմ մասին ասեկոսեներ չեմ կարդում: Եթե ղեկավարությունն ասում է, որ ես մնում եմ, ուրեմն մնում եմ: Եթե լինի հստակություն, ապա կխոսեմ այդ մասին։ Եվրոպայում խաղալը երազանք է, բայց ոչ այս տրանսֆերային պատուհանին: Տա Աստված, որ դա տեղի ունենա հաջորդի ընթացքում։ Կաշխատենք, կանենք առավելագույնը, իսկ հետո, ինչպես Աստված կամենա»,- ասել է հայ պաշտպանը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են գերմանական «Բայերը», «Վերդերը» և «Վոլֆսբուրգը»։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկում 24-ամյա ֆուտբոլիստը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 9 պաշտոնական խաղի ու դարձել 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո: