‘Նալբանդյանը Լիմայում, կամ «զարգացնելով» հայ-պերուական հարաբերությունները ‘

737

ԱԳՆ-ն հայտնում է, որ Պերուի մայրաքաղաք Լիմայում պաշտոնական այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով է հանդես եկել Պերուի ԱԳՆ դիվանագետների առջև: Ըստ այդմ, Նալբանդյանն իր ելույթում ներկայացրել է հայ-պերուական հարաբերությունների զարգացման նպատակով Լիմայում կայացած արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները, լատինամերիկյան և այլ տարածաշրջանների հետ Հայաստանի փոխգործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։ Նալբանդյանը նշել է, որ  հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Ի դեպ, նշենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Պերուի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 20-ին: Այս տարիների ընթացքում Հայաստանի եւ Պերուի պաշտոնյաների միջեւ փոխադարձ այցելություններ չեն եղել:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Պերուի ապրանքաշրջանառության ծավալներին, ապա դրանք էլ բավականին ուշագրավ են: Հայաստանից Պերու չի արտահանվում որեւէ ապրանք: Պերուից Հայաստան է ներմուծվել 2010-ին՝ 50.7 հազար դոլարի ապրանք, 2011-ին՝ 87.9 հազար դոլարի ապրանք, 2012-ի առաջին եռամսյակում՝ 34.9 հազար դոլարի ապրանք:

Հայաստանը Պերուում, եւ Պերուն՝ Հայաստանում չունեն դիվանագիտական ներկայացուցչություններ:  

Նախորդ հոդվածը‘Մալաթիա-Սեբաստիայում վաղը ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Լեւոն Խեչոյանը’