‘
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսին՝ նշանակման նամակի հանձնման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակվելու կապակցությամբ, նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում կշարունակվի Հայաստանի արդյունավետ համագործակցությունը միջազգային տնտեսական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող այս կառույցի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Տերեսա Դաբան Սանչեսը նշել է, որ ԱՄՀ-ն հետագայում էլ շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը, ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ հետագա համագործակցության առնչվող հարցերին:
‘