‘
Սեպտեմբերի 18-ին մեկնարկել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունն Իտալիա: Հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի հանդիպումը։
Նախարարներ Նալբանդյանն ու Բոնինոն զրուցել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների վերաբերյալ։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան — Եվրոպական Միություն հարաբերությունները, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում փոխգործակցությունը։ Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ։
‘