‘Նալբանդյանը հանդիպել է համանախագահներին’

2499

‘

ԱԳՆ փոխանցմամբ, երեկ Կրակովում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Ըստ ԱԳՆ-ի, հանդիպմանը Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ուղիներ փնտրել բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների եւ եռանախագահների առաջարկությունների իրագործման ուղղությամբ, որոնք մասնավորապես վերաբերում են հակամարտության գոտում լարվածության թուլացմանը, 1994-95 թթ. եռակողմ զինադադարի անշեղ պահպանմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։

Նալբանդյանը նշել է նաեւ, որ եթե Բաքուն հետեւի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ապա հնարավոր կլինի ճանապարհ հարթել խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:

«Բաքուն հաճախ է խոսում թե իբր շահագրգռված է, որ ստատուս քվոն փոխվի։ Ակնհայտ է, որ դրան հասնելու գործնական ճանապարհը հենց վերոհիշյալի իրականացումն է։ Համանախագահները տարիներ շարունակ հայտարարում են, որ իրենց կողմից՝ փուլային իրականացմամբ փաթեթային հանգուցալուծման նպատակով, առաջարկվող սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են հանդիսանում, եւ դրանից մեկին նախապատվություն տալու փորձերը անհնար կդարձնեն կարգավորումը։ Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի գործնական հունի մեջ դնել կարգավորման գործընթացը»,- ասել է Նալբանդյանը։

‘

Նախորդ հոդվածը‘Հնարավոր են թույլ տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. Ուրացողության մեխանիկա’