‘Նալբանդյանը հանդիպել է Ֆյուլեին’

890

ԱԳՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ 
Ըստ ԱԳՆ-ի, զրուցակիցներն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը։ Այդ համատեքստում «Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը»։ 

Հանդիպմանը քննարկվել են Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Զուգահեռ Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս միջոցառումներին կմասնակցեն Արևելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի, կրթության նախարարները, ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիտը։ 

Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև։

 

Նշենք, որ սույն հանդիպման մասին մյուս կողմը դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: 

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Իմ միակ ցանկությունը վաղը լավ խաղ ցուցադրելն ու հաղթելն է’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի վերաբերյալ քննարկումներ G20-ում. ամեն մեկը մնաց իր կարծիքին’