‘Նալբանդյանը ՄԱԿ-ում խոսել է Սիրիայի, ԼՂ խնդրի եւ Ցեղասպանության մասին’

701

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում։ 

Ելույթում նա անդրադաձել է ղարաբաղյան հակամարտությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին և սիրիական ճգնաժամին:

«Հայաստանը շարունակում է տագնապել Սիրիայում հումանիտար իրավիճակի վատթարացումից, փախստականների հոսքը Սիրիայից Հայաստան շարունակվում է և այն արդեն հատել է 10 հազարի սահմանը: Սակայն տասնյակ հազարավոր սիրիահայեր շարունակում են մնալ այդ երկրում, որը իրենց երկրորդ հայրենիքն է դարձել 1915 թվականի ցեղապանությունից հետո, և անտանելի պայմաններում նրանք պայքարում են իրենց գոյատևման համար` իրենց սիրիացի համերկրացիների հետ», — «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ասել է Նալբանդյանը։

Նա Հայաստանի անունից ողջունել է  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որ հիմնված է  Ժնևում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համաձայնության վրա՝ հույս հայտնելով, որ այն կհանգեցնի սիրիական ճգնաժամի խաղաղ լուծմանը:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ բոլոր հակամարտությունները պետք է խաղաղ լուծում ունենան:

«Մենք համոզված ենք, որ չկա այլընտրանք հակամարտությունների խաղաղ լուծմանը, և դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք և վճռականություն: Երեք ամիս առաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները նոր հայտարարություն տարածեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ` Էնիսկիլենում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում: Հայաստանում մենք ողջունեցինք հայտարարությունը, ասելով, որ ինչպես և եռանախագահները՝ մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին 5 տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահների կարծիքը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը», — հայտարարել է Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանը նաև իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարը և ավելացրել է իր ագրեսիան և ռազմական գործողությունները թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի նկատմամաբ` օգտագործելով տխրահռչակ ահաբեկչական խմբերի հետ կապակցված վարձկանների:

«Չնայած Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե միջազգային հանրությունը կիսում է իր տեսակետը, և որ ինքն էլ կիսում է միջազգային հանրության մոտեցումները, սակայն իրականում Ադրբեջանը շարունակաբար մերժում է միջնորդների բոլոր առաջարկները, ավելին՝ պարբերաբար սադրանքներ է  հրահրում շփման գծում», — ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

«Նախորդ նստաշրջանի ընթացքում ես խոսեցի Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակման ու հերոսացման մասին, որ խստորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից, սակայն անգամ այսօր` այդ դեպքից մեկ տարի անց, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայտարարել, որ այն, ինչ իրենք արել են, շատ լավ է, և անգամ համարձակվում են քննադատել միջազգային հանրությանը: Սա հստակ ցույց է տալիս, որ լավի և վատի մասին Ադրբեջանի ղեկավարության և միջազգային հանրության պատկերացումների տարբերությունը գնալով խորանում է», — հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։

Նա իր ելույթում հիշել է նաև ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ պետական մակարդակով կազմակերպված հալածանքները` միայն այն պատճառով, որ նա իր գրքում անդրադաձել էր հայերի ջարդերին Բաքվում ու Սումգայիթում: Այլիսլիի գրքերը հրապարակայնորեն այրվեցին, իսկ գրողը ստիպված եղավ լքել երկիրը մահվան սպառնալիքների պատճառով, հայտարարել է Նալբանդյանը:

Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցմանը՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային սկզբունքների և նորմերի համաձայն կարգավորման ուղղությամբ, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանատուն’
Հաջորդ հոդվածը‘Թիվ 38-ից նոր պատգամավորը ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանն է’