‘Նալբանդյանը մեկնել էր ԼՂՀ’

614

Երեկ Ստեփանակերտ մեկնած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանին: 
Նալբանդյանը Բակո Սահակյանին է ներկայացրել հուլիսի 12-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մանրամասները։ Տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Բակո Սահակյանն ու Նալբանդյանը զրույց են  ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։ Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի եւ ԼՂՀ արտաքին գերատեսչությունների միջեւ ակտիվ եւ համակարգված աշխատանքը:

Այսօր էլ Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ ԱԳՆ-ում հանդիպել է նաեւ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի, արտերկրում ԼՂՀ ներկայացուցիչների և նախարարության աշխատակիցների հետ։ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, պատասխանել արցախցի դիվանագետների հարցերին։ 
Նույն օրը ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԼՂՀ ԱԳՆ-ի 20-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին եւ ելույթ է ունեցել:  

«Մեր ընտրած ուղու շնորհիվ արդեն հինգ տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներն անմիջական ուշադրության կենտրոնում են պահում արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչի վկայությունն են լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսքիլենում նրանց կողմից արված հայտարարությունները: Մենք համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Այդ նպատակով մենք համատեղ և հետևողական ջանքեր ենք գործադրում։ Երկու նախարարությունների միջև հաստատվել է սերտ համագործակցություն, որի վկայություններից է, որ այսօր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի դիվանագիտական ծառայության ամենափորձառու ներկայացուցիչներից մեկը»,- հայտարարել է Նալբանդյանը։ 
Այսօր Նալբանդյանը վերադարձավ Երևան։

Նախորդ հոդվածը‘ Ռաֆայել Հովհաննիսյան. Իմ անունով եւ լուսանկարով ինչ-որ մեկը էջ է բացել ՖԲ-ում եւ հոդվածներ է գրում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Օֆշորի արմատը շորն է’