‘Նալբանդյանը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-ներին. Մանրամասներ ԱԳ նախարարի ասուլիսից’

794

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հունվարի 28-ին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Յան Քելիի (ԱՄՆ) հետ: «Դեռևս պլանավորված չէ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, սակայն, անհրաժեշտության դեպքում, հնարավոր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Արմենպրեսի» փոխանցմամբ` նախարարը նաև տեղեկացրել է, որ երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպում առաջիկայում նախատեսված չէ: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ շարունակվելու են բանակցությունները, քանի որ դրանց այլընտրանք չկա: «Թեև Ադրբեջանը առիթը բաց չի թողնում ասելու, որ բանակցությունները ձախողվում են, սակայն չպետք է մոռանալ, որ դա առաջին հերթին Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով է»,- նշեց նա:

Նալբանդյանը նաև խոսել է Ստեփանակերտի օդանավակայանի մասին: «Ադրբեջանն աղմկում է և աղմկելով փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի հարցը»,-նշել է նախարարը և նկատել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները բազմիցս կոչ են արել չքաղաքականացնել օդանավակայանի հարցը: «Ոչ Հայաստանը, ոչ ԼՂՀ-ն քայլ չեն ձեռնարկել հարցը քաղաքականացնելու ուղղությամբ: Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջ պարտավորություն էր ստանձնել, որ զերծ է մնալու ուժի գործադրումից և դրա սպառնալիքից քաղաքացիական օդանավերի դեմ: Չնայած դրան, Ադրբեջանի ղեկավարությունը խախտում է իր վերցրած պարտավորությունները և սպառնում է ուժ գործադրել»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:

Panarmenian.net-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը նաև նշեց, որ եռանախագահների կոչը հենց Ադրբեջանին էր ուղղված: Միևնույն ժամանակ նա նշեց, որ օդնավակայանի բացումը որևէ կապ չունի ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ: Հայաստանը և ԼՂՀ-ն օդանավակայանի բացումը չեն կապակցել այլ հարցերի հետ: «Բոլորի համար ակնհայտ է, որ օդանավակայանի բացումը միայն հումանիտար և քաղաքացիական նպատակներ ունի: Ադրբեջանը չի թաքցնում, որ ցանկանում է մեկուսացնել ԼՂՀ-ն , որ մարդիկ լքեն Արցախը: Դա չի հաջողվել և չի հաջողվի նրանց»,- եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:

Նախորդ հոդվածը‘Քարաթափում Հաղթանակ կամրջի մոտակայքում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներին և դասախոսներին’