‘Նալբանդյանն ընդունել է Շվեյցարիայի պետքարտուղարին ‘

585

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի ընդունել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեին, հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

«Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր քսան տարիների ընթացքում բնականոն կերպով զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ: Արտգործնախարարը հավելեց, որ 2011թ. մարտ և մայիս ամիսներին իրար հաջորդած երկու երկրների նախագահների պաշտոնական փոխայցելությունները, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պարբերական շփումները, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը մեծապես նպաստել են համագործակցության զարգացմանը», — ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ռոսիեն իր հերթին նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է փոխշահավետ համագործակցության զարգացումը Հայաստանի հետ, որը և իր այցի հիմնական նպատակն է։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցության, Հայաստանում Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության գործունեության, առևտրատնտեսական սերտ համագործակցության զարգացման ուղիների շուրջ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր, որի շրջանակներում նախարար Նալբանդյանը իր հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները և բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի Ռադան վարչապետի պաշտոնում հաստատեց Նիկոլայ Ազարովին ‘
Հաջորդ հոդվածը‘Մեսին՝ կնոջ եւ նորածին երեխայի հետ առաջին անգամ հայտնվեց Բարսելոնայում. Ֆոտոշարք’