‘Նալբանդյանն ու ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարը Ամուլսարի հա՞րցն են քննարկել’

1089

Այսօր ԱԳՆ-ում կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ:  ԱԳՆ-ի կողմից տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցները բազմաթիվ հարցեր են քննարկել, որոնցից հատկապես մեկը առավել ուշադրության է արժանի: Այսպես, ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված է. «բանակցությունների ընթացքում նախարարները քննարկեցին քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատելի է բրիտանական բիզնեսի հետաքրքրության աճը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու հարցում»:
Ընդհանրապես, ի տարբերություն շատ այլ երկրների, կոնկրետ Մեծ Բրիտանիայի շահագրգռվածությունը Հայաստանի տնտեսության նեջ՝ հատկապես վերջին շրջանում աչքի է ընկնում Ամուլսարի հանքի պատմությամբ: Հայտնի է, որ այդ երկիրը ցանկանում է շահագործել Ամուլսարի հանքը, չնայած նրան, որ դա մեծ արձագանք է գտել հատկապես հայ փորձագիտական շրջանակներում: Ընդ որում, բրիտանական կառավարությունը կարծես չի էլ թաքցնում, որ Ամուլսարի շահագործումն իրենց համար իսկապես խիստ կարեւոր է, այնքան կարեւոր, որ Երեւան էր ժամանել նույնիսկ Միացյալ թագավորության թագաժառանգ Ուելսի արքայազն Չարլզը: Ընդ որում, այցի պատրվակը «Երեւան իմ սեր» բարեգործական ծրագրին մասնակցությունն էր, սակայն, չէին էլ թաքցնում, որ արքայազնի այցը կազմակերպել էր հենց Ամուլսարի հանքի շահագործման հարցում շահագրգիռ անձ՝ հանքը շահագործող Lydian International  ընկերության նախկին տնօրեն, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Ավելին, գարնանը, Հայաստանում ՄԹ դեսպան Քեթի Լինչը նույնիսկ հայտարարել էր, որ իրենց գործունեությամբ նպատակ ունեն Հայաստանում տարածել «Բաց և թափանցիկ հանքարդյունաբերության» գաղափարը: Բնականաբար, խոսքը առաջին հերթին Ամուլսարի մասին էր:

Հիշեցնենք, որ հանքավայրի հանքային իրավունքը Lydian International  ընկերությանն է պատկանում, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է: Ներդրողների թվում Համաշխարհային բանկի ընկերությունների խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) է եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD): «Գեոթիմ» ընկերությունը մտադիր է արդյունահանել 70 տոննա ոսկի: Միաժամանակ, բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ Ամուլսարում՝  հանքավայրի շահագործումը ռիսկային է, իսկ Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայությունն այստեղ, արդեն իսկ բավական է հանքի շահագործումը թույլ չտալու համար, քանի որ դա բխում է նաև օրենքից: 
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը երաշխավորում է կենդանական աշխարհի հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանությունը և արգելում ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը:

Մասնագետները, սակայն, նաեւ աղետալի կանխատեսումներ են անում հատկապես սարի մոտակայքում ապրող բնակչության, եւ Ամուլսարի հարեւանությամբ գտնվող Ջերմուկ առողջարանական կենտրոնի համար:

Մասնավորապես, արդեն իսկ հայտարարվել է, որ Ամուլսարի հանքում գտնվող 70 տոննայից ավելի ուրանը տարածաշրջանը ռադիացիայի է ենթարկելու:

Իսկ Ամուլսարի նախաձեռնությունը հայտարարել է, որ «Ամուլսարի ծրագրի ռիսկերը անկառավարելի բնույթ ունեն: Այդ ռիսկերի նկարագրությունը, օրենքների եւ միջազգային ստանդարտների խախտումները հիմք են հանդիսացել 9 հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև 210 գնդեվազցիների կողմից IFC-ի եւ EBRD-ի Օմբուդսմեններին բողոքներ ուղարկելու համար: Բողոքներն ընդունված են դիտարկման եւ անցնում են աուդիտորական ստուգում IFC-ի եւ EBRD-ի Օմբուդսմենների գրասենյակների կողմից:

Ինչ վերաբերում է Ջերմուկ քաղաքին, ապա Ջերմուկն ունի բոլոր հնարավորությունները բալնեոլոգիական առողջարանի վարկանիշը կորցնելու համար: Ջերմուկը կենթարկվի բաց հանքավայրի պայթեցումների, փոշու, 18 տոքսիկ տարրեր և ծանր մետաղներ  պարունակող լցակույտերի ազդեցությանը:

Ջերմուկի առողջարանային վարկանիշը պահպանելու համար ոչ մի գործողության պլան չի օգնի, եւ Ջերմուկը որպես առողջարան կդադարի գոյություն ունենալ»:

www.hra.am ն էլ հիշեցնում է, որ ըստ 2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ.Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում՝ ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա: Կայքը, սակայն, հավելել է, որ «Գեոթիմ» ընկերության ղեկավարները, բնականաբար, ամբողջությամբ հերքել են հոդվածի գիտական արժեքը, իսկ այդ հարցով պետական մարմիններից պատասխանատու ՀՀ էներգետիկայի և բնական  պաշարների նախարարությունը հայտարարել է, թե փորձանմուշներում ուրան չի հայտնաբերվել։ Նախարարությունն իր պատասխանում, սակայն, հղում է կատարել ոչ թե իր սեփական հետազոտություններին, այլ «Lydian International»-ի՝ այսինքն շահագրգիռ կողմի պատվերով արված հետազոտություններին:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Ամուլսարը լեռնագագաթ է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում՝ ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին։ Բարձրությունը 2987 մ է։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարերից։ Լանջերին կան սողանքներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։ Կա ալունիտի և ոսկու հանքավայր։

Սերգեյ Տոնոյան 

Նախորդ հոդվածը‘Վահան Բաբայան. Իշխանափոխությունը նպատակ չէ, այլ միջոց է’
Հաջորդ հոդվածը‘Spiegel. Մերկելը չի բացառում Բրիտանիայի ելքը ԵՄ-ից’