‘Նալբանդյան. Անկարան խոչընդոտում է ԼՂ կարգավորման գործընթացին’

1410

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի իշխանությունների վարքագծի մեջ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը խոչընդոտելու միտում է նկատում: 
«Տպավորություն է ստեղծվում, որ թուրքական կողմը դիտավորյալ շարունակում է հայ-թուրքական հարաբերությունները կապել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ՝ խոչընդոտելով այն ջանքերին, որոնք ներդնում է Հայաստանը, միջազգային հանրության հետ միասին՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ», — այսօր Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Նալբանդյանը:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ կրկին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել է ԼՂ կարգավորման գործընթացի հետ:
«Միջազգային հանրությունը տարբեր ձեւաչափերով բազմիցս իր սկզբունքային տեսակետն է արտահայտել հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ: Այդ տեսակետը համընկնում է Հայաստանի դիրքորոշման հետ: Բոլոր փորձերը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂ խնդրի հետ կապելու, վնասում են գործընթացին», — ասել է նախարարի պաշտոնակատարը:
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտոնական հարաբերությունները բացակայում են 1993-ից ի վեր՝ Անկարայի նախաձեռնությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Խոակին. Պլատինիի հաշվով կասկածներ ունենք’
Հաջորդ հոդվածը‘Սադրիչներին խանգարելն արգելված է (տեսանյութ)’