‘Նախագահի թեկնածուների համար 10 տարվա բնակության պահանջը կվերացնե՞ն ‘

1041

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կքննարկի նախագահի թեկնածուների առաջադրման պայմանների վերանայման հարցը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան պարզաբանել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ուղարկել մի փաթեթ, որում ներառված է նաև 2011 թվականի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և  Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի) համատեղ առաջարկները:

Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրման պայմանների վերանայմանը: Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և վերջին տասը տարում Հայաստանում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Սակայն ինչպես տեղեկացրել է Դավիթ Հարությունյանը, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դեռևս երկու տարի առաջ առաջարկել են վերանայել նախագահ թեկնածուների համար և՛ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում բնակվելու, և՛ վերջին տասը տարում Հայաստանի քաղաքացի լինելու պարտադիր պահանջը՝ համարելով, որ այն անհամաչափ է: Ցանկություն կա իջեցնել այդ շեմը: Հաշվի առնելով, որ այդ վերանայումը կարող է կատարվել միայն Սահմանադրության փոփոխությամբ, հետևաբար Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը առաջարկել է Սահմանադրական հանձնաժողովին քննարկել նաև այս հարցը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը Մոսկվայում կհանդիպի Մեդվեդեւի տեղակալին ‘
Հաջորդ հոդվածը‘Ամբողջ օղին խմել հնարավոր չէ, բայց ջանալ պետք է. Վլադիմիր Պուտինի 10 լավագույն ասույթները’