‘Նախագահի թեկնածուն դիմել էր ԿԸՀ 8 միլիոն ընտրագրավի փոխարեն 50 հազ. դրամ վճարելու խնդրանքով’

1071

Հանրապետության նախագահի փետրվարի 18-ի ընտրություններում ինքնաառաջադրված անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Մհեր Հայրապետյանը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի վերջինս թույլատրի իրեն գրանցվելու համար պահանջվող 8 մլն դրամ ընտրական գրավի փոխարեն վճարել 50 հազար դրամի չափով պետական տուրք, հայտնում է «Փաստինֆոն»:

Թեկնածուն այս խնդրանքը պայմանավորել էր իր սոցիալ-տնտեսական կարգավիճակով, 10 տարուց ավելի գործազրկությամբ, ինչպես նաև ԿԸՀ-ին հորդորել էր հաշվի առնել իր «ՀՀ-ում ստացած բարձր կրթական ցենզը և մասնագիտական բարձր հեղինակությունը»:

ԿԸՀ-ն հունվարի 8-ի նիստում որոշեց մերժել դիմումը: Հանձնաժողովը, մասնավորապես, հիմնավորեց իր որոշումն այն հանգամանքով, որ ընտրական գրավի վճարման պարտականությունը և չափը սահմանված են Ընտրական օրենսգրքով, և «ԿԸՀ-ի համար ընտրական գրավի վճարման արտոնություն կամ նմանատիպ այլ ինստիտուտներ կիրառելու հնարավորություն սահմանված չէ»:

ԿԸՀ-ի նույն օրվա մեկ այլ որոշմամբ թեկնածուին տրվեց Ընտրական օրենսգրքով սահմանված 48 ժամ ժամանակ` ընտրական գրավը վճարելու համար: Թեկնածուն առաջադրման փաստաթղթերի հետ ԿԸՀ է ներկայացրել ընդամենը 1 000 դրամի վճարման անդորրագիր` պահանջվող 8 մլն դրամի փոխարեն:

ԿԸՀ-ի որոշման համաձայն, մինչև հունվարի 10-ի ժամը 15-ը պահանջվող գումարի վճարման անդորրագիր չներկայացվելու դեպքում թեկնածուի գրանցումը կմերժվի:

ԿԸՀ-ի երկու որոշումներն էլ կարող են երեք օրացուցային օրվա ընթացքում բողոքարկվել Վարչական դատարան:

Նախորդ հոդվածը‘Ինչպես ընտրել ավտանգ և որակյալ միս’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել են Էմի Ուայնհաուսի մահվան կրկնակի հետաքննության արդյունքները’