‘Նախագահ Մուրսին չի ընդունել եգիպտական բանակի վերջնագիրը’

698

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին մերժել է Զինված ուժերի բարձրագույն խորհրդի վերջնագիրը, որը երկուշաբթի պահանջել էր երկրի բոլոր պաշտոնյաներից երկու օրվա ընթացքում «կատարել եգիպտական ժողովրդի պահանջը», հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով երկրի ղեկավարի աշխատակազմի հայտարարությանը: Փաստաթղթում ասվում է, որ եգիպտական դեմոկրատական պետությունը 2011 թ. հունվարի 25-ի հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումն է, որից չի կարելի ընկրկել ոչ մի քայլ, քանի որ ժողովուրդը զոհաբերել է իր արյունը, իր երեխաներին ու իր կայունությունը՝ նոր երկիր կառուցելու համար, հայտարարության տեքստից մեջբերում է անում «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի կայքը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ երկրի ղեկավարությունն արդեն իսկ լուրջ քայլեր է ձեռնարկել՝ «ազգային հաշտություն» հաստատելու համար, ինչի մասին հայտարարել էր Մուրսին իր պաշտոնակալության մեկամյակի առթիվ ելույթում:

Մինչ այդ, հավելում է «Ալ-Ջազիրան», հրաժարական է տվել Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Մուհամեդ Քամել Ամրը: Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, Մուրսիի կաբինետը լքել էին ևս տասը նախարարներ, նշում է  РИА Новости-ն: Բացի այդ՝ նախագահի քաղաքականությանը համաձայն չլինելու պատճառաբանությամբ հրաժարական են տվել նաև երեք նահանգապետեր, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նախարար. Վերահսկիչ պալատը շինարարությունը շփոթել է քաղաքաշինության հետ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ԱՄՆ անկախության օրվա առթիվ այցելել է դեսպանատուն’