‘Նախադիտում` «Բունդեսլիգա» 2013-2014 Մաս 1-ին’

2366

Անկախ Մխիթարյանի՝«Բորուսիա» տեղափոխությունից՝ վերջին ՉԼ կիսաեզչափակչում գերմանական ակումբների հաջողությունն  արդեն իսկ շատերին ստիպեց վերանայել իրենց վերաբերմունքը «Բունդեսլիգայի» հանդեպ: «Բունդեսլիգայի» երկրպագուները պնդում են, որ գերմանացիներին հաջողվեց ավարտել իսպանական «տիկի-տակայի» դարաշրջանը` սկսելով իրենց` ավելի ֆիզիկակա «տիկի-տակուենը»: Այս առումով շատ կարևոր է, որ գերմանացիները «Բավարիայի» գլխավորությամբ «տիկի-տակայի» հանդեպ վերջնական հաղթանակը փորձելու են ամրագրել ֆուտբոլային այդ մտածողությունը կերտած Պեպ Գվարդիոլայի օգնությամբ: Տեսնենք, թե ինչ վիճակում են գտնվում եվրոպական թոփ 5 առաջնություններից ամենահավասարը համարվող «Բունդեսլիգայի» թիմերը:

«Այնտրախտ» Ֆրանկֆուրտ

Արմին Ֆեի սաներից անցյալ մրցաշրջանում պահանջվում էր ընդամենը պահպանել իրենց տեղը «Բունդեսլիգայում», բայց ֆրանկֆուրտցիները, ճիշտ է, հաճախ «անտիֆուտբոլով», բայց գերակատարեցին իրենց առջև դրած խնդիրը՝ գրավելով 6-րդ հորիզոնականը: Ամռանը թիմը կարողացավ պահպանել իր առաջատարներ Շվեգլերին և Յունգին, բացի դրանից ուժեղացրեց նաև հարձակումն ու կիսապաշտպանությունը Խոսելուի և Ռոզենտալի օգնությամբ: Եվրոպայի լիգայում և «Բունդեսլիգայում» միաժամանակ լավ արդյունքներ սպասել շատ բարդ կլինի, բայց Արմին Ֆեն, ով անցյալ տարի չէր երկարաձգում իր պայմանագիրը՝ վախենալով, որ թիմը դուրս կմնա առաջնությունից, ունակ է կրկնել նախորդ տարվա հաջողությունը:

«Այնտրախտ» Բրաունշվեյգ

«Բունդեսլիգայի» նորեկին ներկայացնում են որպես տիպիկ գերմանական թիմ:  Տարիների ընթացքում ակումբի գլխավոր մարզիչ Տորստեն Լիբերկնեխտը թիմին երրորդ լիգայից բարձրացրեց մինչև առաջին, որտեղ հաստատվելը այսպիսի կազմով շատ բարդ կլինի: Թիմի կազմում գրեթե չկան խաղացողներ, ովքեր «Բունդեսլիգայում» խաղալու փորձ ունեն, իսկ գլխավոր աստղը համարվում է կոնգոլեզցի հարձակվող Դոմինիկու Կումբելեն, ով երկրորդ «Բունդեսլիգայի» լավագույն ռմբարկուն էր՝ 19 գոլով:

«Աուգսբուրգ» Աուգսբուրգ

Եվս մեկ թիմ, որը պայքարելու է իր տեղը պահպանելու համար: Առաջին հերթին՝ թիմը բավականին սեղմ միջոցներ ունի, որպեսզի հավակնի ավելիին, բացի դրանից՝ ամռանը թիմից հեռացան Կա Ջա Չոլն ու Դոնգ-Վոն Ջին, ովքեր, վարձավճարով հանդես գալով, համարվում էին թիմի առաջատարները: Լավ նորություններից կարելի է համարել Հալիլ Ալտինթոփի տեղափոխությունը, ով լավ ծանոթ է «Բունդեսլիգային»:

«Բավարիա» Մյունխեն

Ի՞նչ կմնա Հայնկեսի փայլուն թիմից, հարց, որը տանջում էր բոլորին՝ այն պահից սկսած, երբ լսվեց Գվարդիոլայի անունը: Պարզ էր մի բան. Գվարդիոլան երկու հենակետայինով չի խաղալու և, ինչպես Ռոբբենն է ասում՝ «ՙավելորդ բարդություններ» է փնտրելու առջևի գծում: Պեպը չի սիրում «պատասխանողի» համար նախատեսված երկու հենակետայինով սխեման և ավելի է խորացնում իր «կեղծ 9-ի» գաղափարը: «Բավարիայի» միջմրցաշրջանային խաղերից կարելի է ենթադրել, որ ֆուտբոլիստները դժվարանում են ընկալել Գվարդիոլայի գաղափարները և հաղթում են միայն իրենց հարմար ոճով: Շատ է խոսվում նաև Խավի Մարտինեսի և Տյագո Ալկանտարայի մասին, առաջինին Պեպը ցանկանում է որպես պաշտպան տեսնել, իսկ Տյագոյին՝ որպես միակ հենակետային: Այս պահին թվում է, որ Գվարդիոլան լավ չի գիտակցում, թե որտեղ է հայտնվել, իսկ «Բորուսիայի» դեմ սուպերգավաթում նման էր ոչ թե 14 մրցանակ նվաճած հանճարի, այլ սովորական կորուսյալի: Պետք չէ մոռանալ նաև Մատիաս Զամեռի մասին, ով Պեպի հակապատկերն է: Մրցաշրջանում խաղարկվող 5 մրցանակներից յուրաքանչյուրի կորուստը տապալում կհամարվի: Մյունխենում հուսով են, որ «Չելսիի» դեմ կայանալիք Եվրոպայի սուպերգավաթը կարող է փոխել թիմի տրամադրությունը, որտեղ արդեն իսկ խոսվում է Շվայնշտայգերի հետ կոնֆլիկտի մասին:

«Բայեր 04» Լեվերկուզեն

Սեմի Հյուպիյան ստանձնել է ակումբի միանձնյա գլխավոր մարզչի պարտականությունները: Ֆին մասնագետը պետք է փորձի շարունակել, որքան հնարավոր է՝ մոտ գտնվել երկու գրանդներին՝ չնայած նրան, որ թիմը լքեցին Շյուրլեն և Կարվախալը: Այս երկու տրանսֆերներներից ստացած մոտ 30 մլն €-ն թիմը չի կարողանում ծախսել, նախ՝ գումարը այժմ, երբ Բեյլն արժե 120 մլն, այդքան էլ մեծ չէ, իսկ հետո՝ գերմանացի երիտասարդները «Բավարիայից» և «Բորուսիայից» բացի նախընտրում են ավելի հարուստ«Շալկե» տեղափոխվել: Մտահոգում է նաև Կիսլինգի ապագան, ով արդեն երիտասարդ չէ և պետք է առանց Շյուրլեի գլուխ հանի առաջատարի խնդրից: Թիմին բարդ մրցաշրջան է սպասվում, որում շատ կարևոր են ՉԼ-ում լավ ելույթները, որտեղ թիմն իր վերջին խաղում 7-1 հաշվով զիջեց «Բարսելոնային»:

«Բորուսիա» Դորտմունդ

«Կլոպ թիմը» շարունակում է հզորանալ՝ անկախ Գյոցեի կորստից: ՉԼ-ի եզրափակչից առաջ Կլոպը հայտարարեց, որ նա չի վախենում, որ «Բունդեսլիգան» կարող է վերածվել երկու թիմի առաջնության, նրան մտահոգում է, որ այն չվերածվի «Բավարիայի» առաջնության: Այդ ժամանակ այս խոսքերը վերաբերում էին Գյոցեի և Լևանդովսկու՝ գրեթե կայացած տեղափոխությանը Մյունխեն: Լեհ հարձակվողը դեռևս մեկ տարի կմնա Դորտմունդում, իսկ Գյոցեին Կլոպը որոշեց փոխարինել Մխիթարյանով: Օբեմեյանգն ու Սոկրատիսը կապահովեն կազմի անհրաժեշտ խորությունը, ինչի կարիքը թիմն այդքան ուներ, և եթե հաջողվի խուսափել առաջատարների վնասվածքներից, «Բորուսիան» ունակ է նույնքան լավ ելույթներ ունենալ ՉԼ-ում: Ներքին առաջնությունում էլ, օգտվելով Գվարդիոլայի խնդիրներից, նրանք նորից կարող են պայքարել չեմպիոնության համար:

«Բորուսիա» Մյունխենգլադբախ

Ռոյսի և Դանտեյի թիմը լքելուց հետո պարզ էր, որ թիմը 2012-2013 մրցաշրջանում այդքան էլ մարտունակ չի լինելու: Ռոյսը փայլուն մրցաշրջան անցկացրեց Դորտմունդում, իսկ Դանտեին շատերը, Տյագո Սիլվայի և Բարձալյիի հետ մեկտեղ, համարում են աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանը: Շատ է խոսվում այն մասին, որ շուտով թիմը կլքի նաև Անդրե Տեր-Շտեգենը, որից հետո թիմը կարող է վերադառնալ իր միջակ թիմի կարգավիճակին, որը թույլ չտալու համար թիմը պետք է փորձի որակավորվել Եվրոպայի լիգա:

«Վերդեր» Բրեմեն

Վերջին տասնամյակում «Բունդեսլիագայում» շատ բան փոխվեց, բացի Թոմաս Շաֆից: 2004-ին Աիլտոնի և Ֆրինգսի«Վերդերը» նվաճեց «Բունդեսլիգան», իսկ անցյալ մրցաշրջանում մեծ դժվարությամբ պահպանեց իր տեղն այստեղ: Այժմ թիմը գլխավորում է Ռոբին Դուտը, ում դժվար է համարել բարձրակարգ մասնագետ: Առնաուտովիչ, Աարոն Հանտ և Ջեբրե Սելասիե` եթե այս երեքը լավ մրցաշրջան չանցկացնեն, հաջորդ տարի թիմը հանդես կգա երկրորդ «Բունդեսլիգայում»:

«Վելսֆսբուրգ» Վոլֆսբուրգ

Անցյալ մրցաշրջանում թիմը ստիպված էր հերթական անգամ անցնել «ՀետՄագատյա» շրջանի միջով, որը երբեք հեշտ չի լինում: Մրցաշրջանի երկրորդ հատվածը թիմը բավականին լավ անցկացրեց՝ շնորհիվ մարզիչ Դիտեր Հեկինգի լավ աշխատանքի: Թիմը ամռանը լքեցին 16 խաղացողներ, որոնց թվում,  հուրախություն ակումբի երկրպագուների, չկա Դիեգոն, իսկ համալրեց կազմը 4 նոր խաղացողներով, որոնցից կարելի է առանձնացնել կենտրոնական պաշտպան Տիմ Կլոզեին: Եթե մինչ տրանսֆերային պատուհանի ավարտը հնարավոր լինի ձեռք բերել լավ հենակետային և կենտրոնական հարձակվող, կարելի է մտածել նաև եվրոգավաթների մասին:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանը վաղվա դատական նիստին ծաղիկներ կբերի դատավորի համար’
Հաջորդ հոդվածը‘Նյու Յորքի մետրոյում սատկած շնաձուկ են հայտնաբերել’